Որ իմանամ ինչու, կասեմ․ Արամ Թանանյանը չիգիտի, թե ինչու է Փաշինյանն իրեն պաշտոնից ազատել

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, ըստ որի՝ Արամ Թանանյանն ազատվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին Թանանյանը նախօրեին է իմացել։
«Ինձ զանգել, ասել են, որ նման որոշում կա»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Թանանյանը։
Հարցին, թե ինչ հիմնավորում է ներկայացվել, Արամ Թանանյանը պատասխանեց՝ ինքը սովորություն չունի հիմնավորումներ պահանջելու, գործ է, ասում են, անում է․
«Նույն կերպ կարող էր հարց ծագել, թե ինչու էին ինձ նշանակել»։
Այնուամենայնիվ, նա նկատեց՝ աշխատել է այնպես, ինչպես կարող է, և հիմա էլ, որտեղ էլ աշխատանքի անցնի, նույն կերպ շարունակելու է աշխատել։
«Կարևորը ես որևէ մեկի բերած կադրը չեմ, որևէ ուժի ներկայացուցիչ չեմ, ու հիմա էլ կուզեմ, որ որևէ քաղաքական շահարկում չլինի»,- նշեց նա։
Թե հետագայում ինչ աշխատանք կունենա, Թանանյանը դեռևս չգիտի, որևէ բան իրեն այդ մասին դեռևս չեն ասել։ Իրեն փոխարինողի մասին ևս որևէ բան չգիտի, անուններ, իր խոսքով, չեն շրջանառվում։
«Իմ փորձը կունենա՞, չգիտեմ, իմ աշխատանքային բևեռները շատ են եղել»,- նշեց Արամ Թանանյանը։
Հիշեցնենք, որ Արամ Թանանյանն այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի տարեսկզբին։
Նարե Գևորգյան