Բանակի «բարեփոխման» ՔՊ-ական քայլերի հետևանքը 44-օրյա պատերազմի արդյունքներն են

Բանակի «բարեփոխման» ՔՊ-ական քայլերի հետևանքը 44-օրյա պատերազմի արդյունքներն են

Թևակոխում ենք բանակի լիարժեք առողջացման փուլ․ այդ հնարավորությունը ստեղծում ենք՝ սոցիալական փաթեթը լիարժեք ձևավորելու ճանապարհ ընտրելով: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները խոսում են բանակի արդիականացման, առողջացման և հզորացման մասին՝ դրան զուգահեռ կասկածելի սխեմաներով բանակի համար գնվում էին հին զինատեսակներ, զինված ուժերից հեռացվում էին և պիտակավորվում մարտական մեծ փորձով զինվորականներ: Բանակի «բարեփոխման» հետևանքները ՀՀ քաղաքացիներն ու արցախցիներն իրենց մաշկի վրա զգացին 44-օրյա պատերազմի ընթացքում:

ՔՊ-ն խայտառակ կապիտուլյացիայի իրական մեղավորների վրայից սլաքները ցանկանում է ուղղել բանակի վրա՝ տարբեր քննիչ հանձնաժողովների միջոցով 44-օրյա պատերազմի մութ էջերը «լղոզելու» համար:

Բանակի արդիականացումն ու հզորացումը սկսվում է սահմաններից՝ ՔՊ-ի օրոք Արցախի և ՀՀ-ի սահմանները միայն փոքրանում են, զինվորներն առաջնագծում շարունակում են քնել վրաններում, իսկ արդի զենքերի գնման մասին չկա որևէ տեղեկատվություն՝ գոնե թույլատրելիի սահմաններում՝ չխախտելով ռազմական գաղտնիքը:

Զինված ուժերն այս պահին ղեկավարում է մասնագիտությամբ ուսուցիչ Սուրեն Պապիկյանը՝ միգուցե նա լավ ուսուցիչ կարող էր աշխատել հայրենի Լոռիի որևէ գյուղերից մեկում, սակայն զրո մարտական, ռազմական փորձով ղեկավարել պատերազմող երկրի բանակը` դա կարող էր իրեն թույլ տալ միայն ՔՊ-ական իշխանությունն իր «յուրահատուկ» կադրային քաղաքականությամբ:

Բանակն այն ինստիտուտն է, որտեղ բարեփոխումները պետք է կատարվեն հաշվարկված՝ պահպանելով բանիմաց, հին կադրերին՝ նրանց չպիտակավորելով «նախկիններ» կամ «բանակի թալանչիներ»՝ դա է ՔՊ-ի նախընտրելի լեքսիկոնը:

Հայոց բանակը նախկինում համարվել է Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակը՝ արդի զինատեսակներով, հակառակորդներին հակահարված տալու ներուժով: Իշխանափոխությունը միայն կփրկի հայոց բանակը ՔՊ-ական «բարեփոխումներից»:

Վահրամ Բագրատյան