Ինչպես ամեն գիշեր՝ կրшկել են․ հանգստյան օրերի սյունիքյան քրոնիկոնը

Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է լարված մնալ, քանի դեռ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կրակում է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Չնայած այն բանի, որ հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, մինչև օրս ադրբեջանական կողմից չեն արձագանքել։ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում մարդիկ գիշերը լուսացնում են ադրբեջանական կրակի ուղեկցությամբ։
Հիշեցնենք, բնակիչների այս ահազանգերին ՀՀ պաշտպանության նախարարը արձագանքել էր․ «Լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ»։
Ադրբեջանի կողմից պարբերական ահաբեկչական գործողությունների արդյունքում, երբ արդեն իսկ տեսանելի դարձան վնասները, այլևս հերքելը դարձավ անհնար։
«Ապրում ենք, բայց ոչ նախկին առօրյայով։ Մանկապարտեզը, դպրոցը աշխատում են, բայց գիշերները զգույշ ենք»,- MediaHub-ին ասում է Խոզնավարի բնակիչը։
Կյանքի ռիթմը Սյունիքում և հանրապետության մյուս բնակավայրերում փոխվել է այն ժամանակ, երբ ադրբեջանական դիրքերը հայտնվել են գյուղի բարձունքներում և դիտարկում են խաղաղ բնակչության շարժը։
«Այսինքն, եկել նստել են մեր տարածքում ու ահաբեկում են մեզ։ Երեկոյան ժամը 22։00-ից հետո կյանքը կանգ է առնում։ Երևակայի, նույնիսկ տան լույսերն անջատում ենք, որ թիրախ չդառնանք։ Շատերը փոխել են իրենց մահճակալների դիրքը, որ լուսամուտների մոտ չքնեն, բոլոր գործերը վերջացնում ենք մինչև էդ ժամը՝ մտնում տուն։ Էլ ի՞նչ ասեմ, որ հասկանալի լինի մեր առօրյան»,-ասում է մեր զրուցակիցը։
Մայիսի 3-ին և 4-ին՝ հանգստյան օրերին Ադրբեջանը կրակել է Տեղ, Խոզնավար, Խնածախ, Արավուս գյուղերի ուղղությամբ։ Բնակիչների հավաստմամբ՝ ավտոմատ կրակահերթով, երկար ու անկանոն։ Հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն արտագաղթի պատճառ է դարձել, այլև մարդկանց մեծ մասը վաճառել են իրենց անասունները։
«Արոտավայրերն ու ցանքատարածքները կրճատվել են։ Գյուղի մարդիկ որ գյուղատնտեսությամբ չզբաղվեն, էլ ստեղ մնում են ի՞նչ անեն, դրա համար գնացողներին չենք մեղադրում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան