Մարմարիկ գետում 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները վաղ առավոտից վերսկսվել են. Shamshyan

Մարմարիկ գետում 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները վաղ առավոտից վերսկսվել են. Shamshyan

Այսօր՝ մայիսի 5-ին, Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրին և դրան հարակից գյուղերի տարածքով հոսող Մարմարիկ գետում փրկարարները, պարեկները, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, ինչպես Մարմարիկ, այնպես էլ հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ առավոտյան ժամը 07:30-ից վերսկսել են երեկ՝ մայիսի 4-ին, Մարմարիկ գուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանն ու վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը և Մարմարիկի գյուղապետը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ իրենց գյուղապետերի գլխավորությամբ: 

Մոտ մի քանի կմ երկայնքով քաղաքացիները, փրկարարները, պարեկներն ու քրեական ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները և ոչ միայն հատուկ նշանակության աշխատանքների իրականցման կենտրոնի ջրասուզակն է մասնակցում, ով, ի դեպ, երեկվանից մի քանի անգամ Մարմարիկ գետի երբեմն ավելի վտանգավոր տեղանքներում է որոնողական աշխատանքներ կատարել, այնպես էլ Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը: 
 
Ջրասուզակների աշխատանքը բավականին լարված ու վտանգավոր է, քանի որ գետը որոշ հատվածներում բավականին վարար է, ու մեծ դժվարություններով են ջրասուզակները այդ հատվածներում որոնողական աշխատանքներ կատարում: 
 
Այդ պահին էլ որոնողական աշխատանքները շարունակվում են: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, որոնողական աշխատանքներ էին իրականացնում։

Քաղաքացին ահազանգել էր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

Քրեական ոստիկանները պարզել էին ահազանգողի և երեխայի ինքնությունը։

Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանն ու վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը։

Գետում որոնողական աշխատանքներ էր կատարել նաև ջրասուզակը։