«Ատեց», պատերազմը վերջանա, ծխելը թարգենք, չէ՞․ Արա Սաֆարյանի համար պատերազմը չավարտվեց

«Ատեց», պատերազմը վերջանա, ծխելը թարգենք, չէ՞․ Արա Սաֆարյանի համար պատերազմը չավարտվեց

Ինքը շատ նվիրված էր, հոգով, սրտով, բարի, ահավոր բարի։ 44-օրյա պատերազմում անմահացած,  Արիության մեդալի արժանացած Արա Սաֆարյանի մասին պատմելիս նախ այս բառերն է ասում մայրը՝ Լյուդմիլա Սաֆարյանը։ 

Արան ընտանիքի միակ արու զավակն էր, երկու քույրերի հենասյունը։

«Երբ ուզում եմ իր մասին խոսել, հիշում եմ Մարկեսի Ռեբեկային, որ էնքան կատարյալ ա, որ բարձրանում ա երկինք, երկրի վրա չէր մնում։ Արան երկրի վրա մնալու համար շատ կատարյալ էր»,- պատմում է քույրը՝ Ադրինեն։ 

Կատարյալ էր թե՛ որպես որդի, թե՛ որպես եղբայր, թե՛ որպես ուսանող ու ինչպես հետո պարզվեց՝ նաև որպես զինվոր։ 

«Արաս առաջին օրերից թեժ մարտերի կիզակետում է եղել, շրջափակման մեջ են հայտնվել, իսկ մենք ոչինչ չենք իմացել: Արան միշտ շատ խաղաղ, հանգիստ էր խոսում, պատերազմի մասին ոչինչ չէր պատմում, թվում էր՝ ինքը պատերազմի մեջ չէ, բայց հետո հասկացանք՝ էդ մեզ էր պատերազմից հեռու պահում»,- պատմում է հայրը։

Արան ընտանիքին համոզել էր, թե երրորդ գծում է։ 

«Առաջին օրը, ամսի 27-ին, կիրակի օր էր, հայրը զանգեց ինձ, ասաց՝ Լյուդա, պատերազմ ա։ Լացակումած զանգեցի Արայիս, լացում եմ, ասում եմ՝ բալես, էդտեղ պատերազմ ա, ինքը ծիծաղում ա, ասում ա՝ չէ, մերս, չէ»,- արցունքների միջից ասում է մայրը։ 

Հայրն էլ լրացնում է կնոջ խոսքը, հիշում՝ ինչպես էր Արան իրեն էլ միշտ ասել․ «Լավ ա, պապ, լավ ա, էլի։ Մի անգամ գիշերը հազաց, դե անքնությունը, ոչ նորմալ սնվելը, ասեցի՝ ծխո՞ւմ ես, Ար․․․ ասաց՝ «ատեց», պատերազմը պրծնի, թարգենք, չէ՞»։

Տղան չհասցրեց թողնել ծխելը, պատերազմը նրա համար անավարտ մնաց. նոյեմբերի յոթին Արան Շուշիի մատույցներում ընկավ։

Ռեպորտաժը՝ հաջորդիվ

Նարե Գնունի