Ռեստորանի մոտ կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ շրջանառվում է ԳՇ պետի նախկին տեղակալի անունը

Ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ կրակոցներ է արձակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Ըստ Աբրահամյանի՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
Արդեն իսկ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Խաչատրյանը ձերբակալվել է, սակայն ՔԿ մամուլի քարտուղարը չհաստատեց դա՝ հավելելով, որ նախաքննական շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Shamshyan.com-ը լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ Խաչատրյանի աչքի տակ կապտուկ կա։