Հրաշալի մա՞րդ է. Վարդենիսի տուն-ինտերնատում տնօրենի մեղքը չեն ընդունում

Հրաշալի մա՞րդ է. Վարդենիսի տուն-ինտերնատում տնօրենի մեղքը չեն ընդունում

Ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, թե Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ, խոշտանգել է շահառուներին, շահագործել նրանց։ 

Մասնավորապես, հիվանդներից մեկը տնօրեն Կարեն Խաչատրյանի խոզանոցում կատարել է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարել տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: 
Տնօրենը երկու ամսով կալանավորված է։ 

Մինչդեռ հաստատությունում հակառակն են պնդում. MediaHub-ի հետ զրույցում տուն-ինտերնատի աշխատակիցներից Աշոտ Կարապետյանը նշեց, որ այն, ինչի մեջ մեղադրում են տնօրենին, իրականությանը չի համապատասխանում։ 

«Այո, միանշանակ մեր տնօրենից սա հավատալու չէ։ Հիմա մենք աշխատում ենք, ամեն մեկս մեր գործին ենք անցել։ Ես գլխավոր հաշվապահն եմ, չգիտեմ, թե իրականում ինչ է եղել, բայց չեմ հավատում, որ հիվանդներին կապել են, խոշտանգել, շահագործել։ Իմ կարծիքով՝ սուտ տեղեկություններ են, որոշողը, իհարկե, ես չեմ, համապատասխան մարմիններն են, բայց ճանաչելով Կարեն Խաչատրյանին՝ կասեմ, որ այս ամենը պարզապես զրպարտանք է»,-ասաց նա։ 

Հարցին՝ եթե բոլորը պնդում են, որ Կարեն Խաչատրյանն ընդունակ չէր նման քայլերի գնալ, ապա հնարավո՞ր է, որ վերջինս թշնամիներ ունի, աշխատակիցը պատասխանեց․ 

«Ոչինչ չեմ կարող ասել»։ 

Նշենք, որ երբ դեռ տնօրենը ձերբակալված էր, աշխատակիցներն ակցիա էին իրականացնում՝ հաջակցություն Խաչատրյանի, սակայն ակցիաները որևէ որոշում չփոխեցին։ Հարցին՝ ակցիաները շարունակական լինելո՞ւ են, Կարապետյանը արձագանքեց՝ չի կարող պատասխանել։

«Պրովոկացիոն հարցեր եք տալիս, հիմա տնօրենի պարտականությունները կատարող կա, և ակցիա կամ այլ բան ես չեմ կարող կազմակերպել։ Միայն կարող եմ ասել, որ տնօրենի հետ շատ նորմալ աշխատանքային հարաբերություններ են, հրաշալի մարդ է։ Իրեն, որ ճանաչեք, դուք էլ կհամոզվեք. անհիմն գործ է»,-ընդգծեց նա։

MediaHub-ը հիշեցնում է, որ որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում հայտնաբերել են մետաղյա շղթայով «գազանի նման» ջեռուցման մարտկոցից կապված հիվանդներից մեկին։ Պարզվել է, որ տնօրեն Կարեն Խաչատրյանն ու մի խումբ աշխատակիցներ խոշտանգել եւ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկել հիվանդներին։ 

Լիաննա Թորոսյան