ՏԻՄ ուզուրպացիա՝ Գյումրիում

ՏԻՄ ուզուրպացիա՝ Գյումրիում

Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը` քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատները վայր է դնելու՝ հրաժարվելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից։

Այս զարգացումը հաջորդում է անցած շաբաթ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու, Գյումրիի գործող ու նախկին փոխքաղաքապետերի ու ևս մեկ մերձավորի նկատմամբ հարուցված վարույթին։

Ի դեպ, Կառավարություն - Ազգային ժողով երեկվա հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ են փորձում այլ համայնքների նման ճնշումների միջոցով իշխանություն նվաճել նաև Գյումրիում, վարչապետը պնդել է, թե ոչնչից տեղյակ չէ:

Իհարկե, որևէ հարցում դժվար է Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը հավատալը, հատկապես՝ այս դեպքում:

Բազմաթիվ անգամներ գրել եմ այն մասին, որ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի՝ ուզուրպացնել իշխանությունը բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը պատկանում է ընդդիմադիր որևէ ուժի:

Այս նպատակին հասնելու համար Նիկոլ Փաշինյանը գործի է դնում տարբեր մեխանիզմներ՝ մանդատագողություն, քրեական գործեր, ռեպրեսիվ այլ գործիքներ:

Հասկանալի է, որ ՏԻՄ-երը «ՔՊ-ականացնելու» ցանկությունը պայմանավորված չէ տեղական խնդիրներով կամ լոկալ հարցերով: Փաշինյանն իշխանության բուրգն ադապտացնում է 2026-ի ընտրական տրամաբանությանը:

Սա ինքնին նշանակում է, որ 2026-ին Փաշինյանը մտադիր է վերարտադրվել ցանկացած գնով՝ չխորշելով վարչական ռեսուրսի գռեհիկ շահագործումից, անգամ տոտալ կեղծիքներից:

Այս հեռանկարը բնավ չպետք է հուսահատեցնի ընդդիմությանը. միշտ կարելի է մշակել արդյունավետ հակաքայլեր:

Սուրեն Սուրենյանց