Դիմումին ընթացք է տրվել․ դատախազությունը՝ Թագուհի Թովմասյանի դիմումի մասին

Դիմումին ընթացք է տրվել․ դատախազությունը՝ Թագուհի Թովմասյանի դիմումի մասին

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի այն հայտարարությանը, թե իբր պատգամավորը տարիներ առաջ ապօրինի ձայնագրել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ նիստ և այն փոխանցել Սերժ Սարգսյանին։ Թովմասյանն այս հայտարարությունը բացարձակ սուտ է որակել։

«Այսօր դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` պահանջելով նախաձեռնել վարույթ և քննությամբ պարզել՝ 
1. Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը` ո՞վ կամ ովքե՞ր են այն իրականացրել, ե՞րբ և ի՞նչ պայմաններում։ 
2. Ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել հիշատակված հանդիպմանը և ինչպե՞ս են փոխանցել այդ ձայնագրությունը։
 3. Հարցաքննել Տարոն Չախոյանին՝ պահանջելով փաստեր իր հայտարարությունների վերաբերյալ, իսկ ապացույցների բացակայության դեպքում նրան պատասխանատվության ենթարկել՝ սուտ մատնության հատկանիշներով»
,- գրել է պատգամավորը։

MediaHub-ը գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ պատգամավորի հաղորդումը ստացել են։

«Օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք է տրվել»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նարե Գնունի