Ազատ գյուղի ողբերգական հրդեհից 10 ամիս անց. ե՞րբ տեղի կունենա դատական նիստը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհից, որի հետեւանքով զոհվել են 15 զինծառայողներ, 3-ը՝ վիրավորվել, անցել է 10 ամիս։
Ի՞նչ նորություն կա գործով: MediaHub-ը կապ հաստատեց զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
Նա հիշեցրեց, որ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։
«Այժմ ոչինչ չեմ կարող ասել, դեկտեմբերի 1-ին լինելու է դատական նիստը, սպասենք»,- ասաց Նորիկյանը։
Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հետազոտվել էին գործով ապացույցները։ Մասնավորապես, հետազոտվել էին գործով դատաբժշկական, գենետիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական փորձաքննությունների եզրակացությունները: Դատական նիստն անցել էր լարված մթնոլորտում, զոհվածների հարազատների կողմից անգամ հարվածներ էին եղել ամբաստանյալի ուղղությամբ։
Հիշեցնենք նաև, որ զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին և կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, որ իրենց որդիները մահացած են եղել նախքան հրդեհը։ Ծնողները մատնանշում են զինծառայողների և սպաների միջեւ լարված հարաբերությունների մասին։
Մարիաննա Արամյան