Սպասված հրաժարական

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարական է տվել։
Նրա հրաժարականի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»:
Մարուքյանի հրաժարականը սպասված էր:
Երկրի ստրատեգիական կուրսը փոխելու Նիկոլ Փաշինյանի չմտածված արկածախնդիր քաղաքականությունը միանշանակ ընկալում չունի անգամ նրա թիմում: Ռացիոնալ մտածողություն ունեցող որևէ մարդ չի ուզում պատասխանատվություն կրել այն քաղաքականության համար, ինչի հետևանքը կարող է լինել պետականության կոլապսը:
Փաշինյանի կողքին մնացել են աղանդավորական մոլեռանդություն ունեցող փոքրաթիվ մարդիկ, իրենց արևմտամետ հռչակած քաղաքական անմեղսունակներ, ովքեր ամիսներ շարունակ թիրախավորում էին Վահան Քերոբյանին, Էդմոն Մարուքյանին: Առաջինը տնային կալանքի մեջ է, երկրորդը հրաժարական տվեց:
Գրեթե ճշգրտորեն կարող ենք կանխատեսել՝ հաջորդ հեռացողը կամ պաշտոնանկ լինողը դառնալու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Վահրամ Բագրատյան