Քրեական հետապնդում է հարուցվել վառարանը վառել փորձող կապիտանի նկատմամբ

ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
ՀՀ ՊՆ համապատասխան մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով՝ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չապահովելու պատճառով, կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Արդյունքում, Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետևանքով՝ կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։