Արդյո՞ք հնարավոր են արտահերթ ընտրություններ

Արդյո՞ք հնարավոր են արտահերթ ընտրություններ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտոնապես հրաժարական տվեց, սակայն այդ իրադարձությունը միայն խորացրեց այն ինտրիգը, որ գոյություն ունի Երևանի ավագանու ընտրությունների շուրջ։

Արդյո՞ք իշխանությունները կգնան մի քանի ամսով քաղաքապետ ընտրելու ճանապարհով, թե՞ լուծում կհամարվի արտահերթ ընտրությունների անցկացումը։

Հարցին՝ ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում Երևանում, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը։

«Ես ոչինչ չեմ բացառում, շատ հավանական է, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ։ Այս պահի դրությամբ ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ վերջնական կորոշվի»,- ասել է նա։

Այլ խոսքով, իշխանության առաջին դեմքի մակարդակով քաղաքական որոշումը դեռ կայացված չէ։
Օրենքը թույլ է տալիս նոր քաղաքապետ ընտրել վեց ամսով, մինչև հերթական ընտրությունները։

Նման տարբերակ օրենքը թույլ է տալիս, սակայն այս սցենարը խոցելի է երկու հանգամանքով։ 

Նախ, վերջնականապես արժեզրկվում է քաղաքապետի պաշտոնը և հետո դժվար է գտնել երկրորդ «Հրաչյա Սարգսյան», որը կհամաձայնի Տիգրան Ավինյանի «ստվեր» աշխատել։

Մյուս կողմից, արտահերթ ընտրությունների գնալը ռիսկային է, որովհետև չափազանց ցածր է ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի վարկանիշը։ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ պարտությունը կամ ընտրությունների կեղծումը ճանապարհ է բացելու իշխանության ճգնաժամի ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար։

Վահրամ Բագրատյան