Քաղավիացիայի ոլորտում Ռևազյանի «ժառանգության» մասին կլռեմ, իսկ Միհրան Խաչատրյանից ակնկալիքներս մեծ են․ փորձագետ

Քաղավիացիայի ոլորտում Ռևազյանի «ժառանգության» մասին կլռեմ, իսկ  Միհրան Խաչատրյանից ակնկալիքներս մեծ են․ փորձագետ

Քաղավիացիայի նախագահի պաշտոնում Տաթևիկ Ռևազյանի ժառանգության մասին որևէ բան ասել չեմ ցանկանում, կլռեմ, քանի որ ես մեկնաբանություններ անում եմ մասնագետների գործունեության վերաբերյալ։ Իսկ Տաթևիկ Ռևազյանին ես մասնագետ չեմ համարում։ Այս մասին MediHub.am-ի հետ զրույցում ասաց ավիացիայի հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը։

«Ինչ վերաբերվում է նոր ընտրությանը, որպես հայ մարդ, հայ քաղաքացի, 22 տարի ավիացիոն ոլորտում աշխատող մարդ, շատ ոգևորված եմ Միհրան Խաչատրյանի՝ Քաղավիացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու լուրով»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով վերջին տարիների ընթացքում քաղավիացիայի ոլորտում որևէ դրական բան տեղի չի ունեցել․

«Շատ կարևոր է, որ Միհրան Խաչատրյանը մեզ համար կարևորագույն ոլորտում իրեն շրջապատի հմուտ կադրերով։Մեծ հույսեր ունեմ, որ այս ոլորտում Խաչատրյանը կհաջողի և վերջապես կունենանք կայացած քաղավիացիայի կայացած ոլորտ, քանի որ սա աշխարհի ամենակարգավորված ոլորտներից է, եթե ոչ համար մեկը»,- հավելեց Նավիկ Խաչատրյանը։

Հարցին՝ վերջին տարիներին ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունի տվյալ ոլորտը, փորձագետն ասաց․

«Ամբողջ աշխարհի ավիացիան է փոփոխվում և հարմավում նոր տենդենցներին։ Իսկ Ռևազյանի նախագահ եղած տարիների մասով որևէ բան ասել չեմ կարող, քանի որ որևէ դրական բան չի եղել այդ ընթացքում։ Միայն վստահություն կարող եմ հայտնել, որ Միհրան Խաչատրյանին կհաջողվի ՀՀ-ին հանել ԵՄ ավիացիոն «սև ցուցակից», որում հայտնվել էինք երկու տարի առաջ Տաթևիկ Ռևազյանի նախագահության ժամանակ, ինչը շատ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար, քանի որ դեպի Եվրոպա թռիչքները տեղական փոխադրողների համար շատ կարևոր են, և դրանց տոկոսային հարաբերությունը ընդհանուր թռիչքների մեջ այժմ 0 է, բայց կամաց-կամաց պետք է բարձրացվի, քանի որ մեր կապը Եվրոպայի հետ միշտ կա և միշտ լինելու է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին որոշում է ստորագրել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակել Միհրան Խաչատրյանին։ Մինչ նոր նշանակումը Խաչատրյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալն էր, նախկին օդաչու է, ոլորտում աշխատում է մի քանի տասնամյակ, աշխատել է նաև արտերկրում։

Մերի Գևորգյան