Ունենք այն, ինչ ունենք, ու դա մեզ քիչ է

Ունենք այն, ինչ ունենք, ու դա մեզ քիչ է

Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որը առաջին հայացքից ոչ մի կարևորություն իրենից չի ներկայացնում ու զուտ պրոտոկոլային բնույթ ունի: Սակայն, միևնույն ժամանակ, այս որոշման պրիզմայով կարող ենք դատել, թե ինչ է կատարվում երկրում և ինչու ենք հասել այս օրվան:

Այսպես, այսօր ստորագրված որոշումից տեղեկանում ենք, որ Փաշինյանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 169-Ա որոշման մեջ «Պարույր Հովհաննիսյանին» բառերը փոխարինվել են «Վահան Կոստանյանին» բառերով: Հետաքրքրեց, թե այդ որտե՞ղ կարող է Կոստանյանը փոխարինել բազմամյա փորձ ու պրոֆեսիոնալիզմ ունեցող (մինուսը՝ այս իշխանություններին ծառայելն է) Պարույր Հովհաննիսյանին:

Պարզվեց, որ ԱԳ փոխնախարար նշանակված Վահան Կոստանյանը, ում կենսագրության «ամենափայլուն» ձեռքբերումը ՔՊ մամուլի խոսնակ ու այս կամ այն պաշտոնյայի օգնական լինելն է, Պարույր Հովհաննիսյանին կփոխարինի Ազգային Ժողովում, որտեղ վաղը մեկնարկող քառօրյայի շրջանակում պետք է ներկայացնի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ահա այսպես իշխանությունում մնացած հատուկենտ պրոֆեսիոնալները փոխարինվում են անձանցով, ովքեր կիլոմետրերով հեռու են դիվանագիտությունից, օրենքներից, երկրի կառավարումից, և այսպես է բոլոր ոլորտներում: Դրա համար, կրկնվենք, ունենք այն, ինչ ունենք, ու թերևս դա մեզ քիչ է: