«Նուբարաշեն» ՔԿՀ երկարատև տեսակցության եկած քաղաքացու կոշիկի մեջ կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել

«Նուբարաշեն» ՔԿՀ երկարատև տեսակցության եկած քաղաքացու կոշիկի մեջ կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Է. Մ.-ի մոտ եկած քաղաքացուհի Ա. Ե.-ին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Խուզարկությամբ վերջինիս կիսաճիտք կոշիկի միջից հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներին նմանվող կասկածելի զանգվածներ՝ փաթեթների հետ միասին 2,8 և 3.5 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ մուգ դարչնագույն, փոշենման և դեղնականաչավուն, բուսական զանգվածներ, ինչպես նաև՝ փաթեթների հետ միասին 4,2 գրամ և 3,1 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ սպիտակ, բյուրեղանման և մուգ դարչնագույն մածուցիկ զանգվածներ:

Դեպքի շրջանակներում ժամը 12:20-ի սահմաններում խուզարկություն է իրականացվել նաև վերոնշյալ դատապարտյալի խցում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և 5 զույգ ականջակալ:

Քաղաքացուհի Ա. Ե.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: