Էռնա Միրը պատրաստվում է 2-րդ բալիկի ծնունդին․ եղբայրը փրկվել է հրաշքով

Էռնա Միրը պատրաստվում է 2-րդ բալիկի ծնունդին․ եղբայրը փրկվել է հրաշքով

Էռնան՝ «Էռնա Միր» բեմական անունով արցախցի երգչուհին, հայ հանդիսատեսին առավել հայտնի դարձավ «Նոր ալիք» երաժշտական մրցույթում իր փայլուն հաղթանակով։ Նախագծից հետո նա գրեթե էկրաններին չէր երևում։ Պատճառը նրա ամուսնությունն է։ 

Երգչուհին հունվարին լույս աշխարհ կբերի իր 2-րդ բալիկին։ 

MediaHub-ի հետ զրույցում Էռնան ասաց, որ չի սիրում սոցհարթակներում ներկայացնել իր կյանքը. «Դա իմ ու ամուսնուս ցանկությունն է»,- ասաց նա` մանրամասնելով, որ չնայած իր մայրանալուն և ֆիզիկական ներկա կարգավիճակին, առայժմ չի պատրաստվում լքել բեմը։ 

Էռնան Երևանում է և շարունակում է իր երաժշտական գործունեությունը՝ «Արցախի ձայներ» պրոյեկտի հետ. «Արդեն հասցրել ենք մի քանի անգամ բեմել»։ 

Միրզոյանների ընտանիքում բոլորը երաժիշտներ են։ Էռնայի հայրը՝ Դավիթը, նվագում է հարվածային գործիքների վրա, մայրը դաշնակահար է, եղբայրը նվագում է փողային գործիքների վրա, սաքսոֆոնահար է։ Միայն քույրը՝ Տոման, ընտրել է ռեժիսուրական մասնագիտությունը։ 
Թե ինչ ապրումներ են ունեցել Արցախը լքելու ճանապարհին, Էռնայի մայրը՝ Աիդա Միրզոյանն է պատմում։ 

«Երբ սկսվեց պատերազմը ես առաջինը մտածեցի դիրքերում ծառայող որդուս՝ Էդուարդի մասին։ Բայց քանի որ կապ չկար, օրերով չենք կարողացել որևէ տեղեկություն իմանալ։ Հրադադարից հետո, երբ բանակը վայր դրեց զենքերը ու պարզ էր արդեն իրավիճակը, ես ու Դավիթը սկսել ենք որոնումները։ Հիվանդանոցներ, ներքին կապերով շրջանային բուժմիավորումներ, հոսպիտալներ։ Անգամ գնացել եմ դիակների պահման վայր՝ սառցարաններ. փարատվեցի, չկար։ Հարցուփորձ էինք անում դիրքերից իջած զինվորականներին, բայց Էդոն Նորշենի դիրքերում էր»,- հիշում է Աիդան։ 

Մայրը պատմում է, որ դիմել են օպերատիվ շտաբ, այնտեղ խոստացել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոնումների համար շուտով կմեկնեն այդ ուղղությամբ։

 «Գաղթի համար արդեն բացվել էր Լաչինի միջանցքը։ Շատերը հեռանում էին, մի մասն էլ պատրաստվում էր։ Մենք ոչ մի իր չէինք հավաքել, ասել եմ՝ «մինչև Էդոն չգա, ոչինչ չեմ անի»։ Իմ Արցախն ու հայրենիքը իմ տղան է»,- ասաց մեր զրուցակիցը։

Աիդայի խոսքով՝ մի քանի օր լուր չունենալուց հետո քաղաքում մնացած մտերիմները սկսեցին այցելել, հետո զանգերը շատացան։ Իսկ ինքը մտածում էր՝ «մի բան գիտեն, մեզ չեն ասում, դրա համար են զանգում»։ Այդ ընթացքում անգամ Էռնայի ընտանիքը չէր համարձակվում դուրս գալ Ստեփանակերտից, հակառակ այն բանի, որ ադրբեջանական համարանիշներով մեքենաներն արդեն քաղաքում էին։ Եվ՛ ծնողները, և՛ քույրերը դժվարանում են խոսել այդ օրերի ապրումներից.
«Արդեն խելագարվում էի։ Մի շաբաթ հաց չեմ կերել։ 6-րդ օրը Էդոն եկավ, ու, կարծես, որդուս վերածնունդը լիներ։ Բոլորիս աղոթքները տեղ հասան։ Մի քանի օր առաջ հրամանատարին հանդիպեցինք, պատմեց, որ երբ շրջափակման մեջ էին ու հավանական էր ողջ չմնալը, Էդոն ասաց՝ «ես չեմ վախենում, բայց, որ ինձ մի բան պատահի, մաման չի դիմանա»»,- պատմեց նա։

Տաղանդավոր այս ընտանիքն այժմ Երևանում է հաստատվել։ Էդուարդ Միրզոյանը շարունակում է պարապմունքները, Դավիթն ու Աիդան սպասում են հրաշքի, գուցե արցախյան համույթները կգործեն՝ իրենք կսկսեն նվագել, իսկ Էռնա Միրը երեխան ունենալուց հետո էլ կշարունակի բեմել, կերգի՝ հանդիսատեսին ներկայացնելով իր հոգու երգերը։

Հունան Թադևոսյան