Ռուսական «դեղին քարտն» ու Երևանի հետքայլը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան:
Ռուսական կողմը հայտարարել է, թե Հայաստանից Ռուսաստան ներկրվող կաթնամթերքում խախտումներ են հայտնաբերել։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ հայաստանյան կաթնամթերքում օգտագործվում է Ռուսաստանում արգելված իրանական ծագման հումք։
Շատերը Մոսկվայի նման որոշումն ամենևին էլ սննդի անվտանգության հետ չեն կապում ու համարում են «պատժամիջոց», որի միջոցով Հայաստանի իշխանությունը «պատժվում» է՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսելու համար:
Ըստ ամենայնի, Մոսկվան ընտրել է «պատժամիջոցի» այս տարբերակը՝ պաշտոնական Երևանին հասկացնելով, թե հարվածի տակ կարող են հայտնվել տնտեսության ավելի կենսական ոլորտներ:
Երևանում, դատելով զարգացումներից, Մոսկվայի ուղերձը հասկացել են ու փորձում են կանխել իրադարձությունների անցանկալի զարգացումը:
Այդպես, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասել է, որ Հռոմի կանոնադրության վավերացումը չի նշանակում, որ Վլադիմիր Պուտինը կարող է Հայաստանում ձերբակալվել։
Արշակյանի այս հարցազրույցը լայն տարածում է գտել ռուսական և միջազգային ԶԼՄ-ներում:
Ուշագրավ է, որ գործ ունենք Հայաստանի իշխանության փնթիության կամ անսկզբունքայնության հերթական դրսևորման հետ. սկզբում գեներացվում է «Պուտինին բռնելու» անհեթեթ ու վտանգավոր թեման, հետո մեր իշխանությունը «հերոսաբար» մեղանչում է Մոսկվայի առաջ:
Իհարկե, փաստ չէ, որ Մոսկվան կհավատա արցունքներին...
Վահրամ Բագրատյան