«Սպանված» պետության քաղաքացու «բողոքը»

Ինչպես MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, երկու օր առաջ Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող Նարինե Ա.-ն է:
Նրան ձերբակալել էին, ապա ազատ արձակել:
Ցանկացած բռնություն, այդ թվում՝ վարչապետի վրա անձրևանոց նետելը, դատապարտելի է, եթե նույնիսկ դա քաղաքացու հուսահատ բողոքի դրսևորում է:
Բայց երբ իշխանությունը հանդուրժում է, որ իր բարձրաստիճան պաշտոնյան թքում է քաղաքացու վրա, այսինքն՝ «սպանում» է պետությունը, պետք է պատրաստ լինի, որ այդ «սպանված» պետության քաղաքացին կարող է անձրևանոց նետել վարչապետի ուղղությամբ: Ի վերջո, եթե օրենքը չի գործում, յուրաքանչյուրը յուրովի է պաշտպանում իր «թասիբը»:
Իրականում խնդիրն ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Փողոցից իշխանության եկած խմբակն ընդամենը 4-5 տարվա ընթացքում կորցրեց հասարակության հետ կոմունիկացիայի բոլոր քաղաքակիրթ կանալները ու վերածվեց ավտորիտար մի իշխանության, որի ներկայացուցիչները վեր են կանգնած օրենքից ու կարող են «պատժել» քաղաքացու, երբ նրանից լսում են որևէ թթու խոսք, անհաճո արտահայտություն:
Ու հակառակը՝ քաղաքացին խստորեն պատժվում է, երբ հարկադրված օրինազանց որևէ արարք է թույլ տվել, որովհետև շատ դեպքերում հանդիպում է անարդարության ու իշխանության սառն անտարբերության:
Խորհրդանշական է, որ վերը թվարկված կոնտրաստային երկու իրադարձությունները տեղի ունեցան հաշված օրերի ընթացքում՝ բացահայտելով իշխանության արժեքային համակարգը, նրա ավտորիտար հակումների ողջ ներկապնակը:
Վահրամ Բագրատյան