Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (22.12.2023)

1. ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է, որ քննարկվում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու երկրների միջև նոր համաձայնագրեր։ Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարց ներկայումս օրակարգում չկա։
2. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի և Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին: 
3. Չեխիայում շաբաթ օրը սգո օր է հայտարարվել` ի հիշատակ Պրահայի Կարլի համալսարանում զինված անձի կողմից սպանվածների։ Մարզական և մշակութային մի շարք միջոցառումներ հետաձգվել են։ Հինգշաբթի ուշ երեկոյից քաղաքացիները մոմեր են վառում և ծաղիկներ խոնարհում համալսարանի շենքի մոտ։ Հիշեցնենք, որ Կարլի համալսարանում երեկ ցերեկը տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, շուրջ 24-ը՝ վիրավորվել։ 
4. Եվգենի Պրիգոժինի սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն և Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը․ նման մեղադրանքով հոդված է հրապարակել The Wall Street Journal-ը: Հրապարակմանն ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ թերթի վարկածը գործարար Եվգենի Պրիգոժինի ավիավթարի մասին անմեղսունակ է և մեկնաբանության կարիք չունի: