Բեռլինում՝ առանց միջնորդների

«Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը»,- երեկ առավոտյան հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը:
Մի քանի ժամ հետո պաշտոնական Երևանը հաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Այդպիսով, դատելով պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունից՝ հանդիպումն ուղղակի երկկողմ ձևաչափով է լինելու: Եթե անգամ Գերմանիայի ներկայացուցիչը դրան մասնակցի, ապա դա լինելու է ոչ թե միջնորդի, այլ ֆասիլիտատորի կարգավիճակ:
Սա այն էր, ինչին Ադրբեջանը ձգտում էր առնվազն անցած տարվա դեկտեմբերի 7-ից:
Այսօրվա դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցությունները լինելու են ոչ թե բալանսավորված խաղաղության, այլ Հայաստանի միակողմանի զիջումների մասին:
«Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է: Հայաստանը փորձում է նոր տեր գտնել և ընկնում է ինչ-որ մեկի գիրկը»,- երեկ ասել է Իլհամ Ալիևը՝ գրեթե ճշգրտորեն նկարագրելով առաջիկա բանակցությունների օրակարգը:
Փաշինյանի հետպատերազմյան լուզեր քաղաքականությունը երկիրը հասցրել է մի հանգրվանի, երբ Հայաստանը կա՛մ պետք է միակողմանի զիջումների գնա, կա՛մ առերեսվի նոր մահաբեր պատերազմի հետ:
Վահրամ Բագրատյան