Արցախի պատմամշակութային ժառանգությունը թվային հարթակում անձնագրավորվում է

Արցախի պատմամշակութային ժառանգությունը թվային հարթակում անձնագրավորվում է

Արցախի նյութական մշակութային ժառանգության ակադեմիական վավերագրման ծրագիրը, որը ստեղծվել է 2023 թվականի հունիսին, շարունակում է ներկայացնել օկուպացված տարածքների մշակութային ժառանգությունը` համապատասխան լուսանկարներով ու դրանց պատմություններով։ 

Թվային հարթակում բացված Հիշատակարանը զբաղվում է Արցախի պատմամշակութային ժառանգության գույքագրմամբ, վավերագրմամբ և անձնագրավորմամբ։ Ծրագրի ղեկավար Աննա Լեյլոյան-Եկմալյանը MediaHub-ի հետ զրույցում անդրադարձավ ծրագրի նպատակներին, կարևորությանն ու ռազմավարությանը։ 

«Խիստ կարևոր է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի բռնագրավված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վտանգված հայկական պատմամշակութային հուշարձաններն վավերացումը։ Փորձել ենք հուշարձանների գիտական և ակադեմիական վավերագրման միջոցով հնարավորինս պաշտպանել դրանք ավերումների, վերափոխումների, յուրացումների և իհարկե հիմնահատակ ոչնչացումների ուղղակի վտանգից և առավել ամբողջական փաստագրմամբ այն փոխանցել հետագա սերունդներին»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Աշխատանքն ավելի է դժվարացել Արցախի ամբողջական կորստից հետո, որովհետև զրկված են տեղում ուսումնասիրություններ անելու հնարավորությունից, բայց թիմը բավարար նյութ ունի, լուսանկարների և մատենագիտական տեսքով, առայժմ հեռվից այդ գործընթացն ապահովելու համար։ Փոքր թիմն այժմ լծված է ամբողջ տարածաշրջանի հուշարձանների ու պատմամշակութային մյուս կոթողների փաստագրմամբ։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակման և Արցախի բռնի հայաթափման հետևանքով այսօր անմիջականորեն վտանգված է ողջ տարածաշրջանի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ուստի այժմ ծրագիրն ընդգրկում է Արցախի Հանրապետության հուշարձանների ամբողջական ցանկը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանն ավերում է հոգևոր, պատմական ու մշակութային նշանակություն ունեցող հուշարձանները, կամ դրանցից մաքրում հայկական հետքը։

Ադրբեջանի վերջին նման հանցագործ քայլերի մասին MediaHub-ը գրել էր բոլորովին օրերս. թշնամի երկրի տելեգրամյան ալիքներից մեկի կողմից 2025 թ. փետրվարի 4–ին հրապարակած լուսանկարից պարզ երևում է, որ Ադրբեջանի հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը: 

Հունան Թադևոսյան