ՊԵԿ նախագահը երբեք չի շփվում բիզնեսի հետ, խրոնիկ վախ կա մոտը, թե ինչ՝ չեմ կարող ասել․ Վահրամ Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների ակումբի հիմնադիր Վահրամ Միրաքյանն այսօր մի զայրացական գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ ՊԵԿ-ին մեղադրելով գործարարների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Ու շեշտել է, որ «ահաբեկչություն» բառը որպես չափազանցություն չի գրել։
MediaHub-ն այս թեմայով զրուցեց Միրաքյանի հետ, թե հատկապես ի՞նչն է զայրացրել իրեն ՊԵԿ-ի աշխատանքում և ինչո՞վ է ՊԵկ-ը ահաբեկչություն իրականացնում իրենց նկատմամբ։
«Տեսեք, մենք՝ մեր կողմից, իրենք՝ իրենց կողմից շատ կարևոր գործառույթ ունենք, ու ՊԵԿ-ի գործառույթը շատ կարևոր է երկրի համար, որ կարողանա կարգուկանոն պահպանի գործարար դաշտում։ Բայց երբ որ ՊԵԿ-ի վրա պլաններ են սկսում դնել, արդեն ՊԵԿ-ը սկսում է իր գործառույթը խախտել։ Ենթադրենք, ՊԵԿ-ը իր այսինչ տեսուչի վրա պլան է դնում, որ այսքան հարկ պետք է հավաքես, ու էստեղ կարևորը դառնում է ոչ թե էն, որ ՊԵԿ-ը պետք է իր գործառույթն իրականացնի, այսինքն՝ ապահովի, որ տնտեսվարողը հավասար դաշտում գործի, այլ ՊԵԿ-ի հիմնական գործառույթը դառնում է հարկ հավաքելը, այսինքն՝ գումար մուծելը բյուջե։ Այդ ժամանակ ՊԵԿ-ի տեսուչը իր գլխավոր ֆունկցիաները սկսում է չկատարել և մտածում է միայն մի բանի մասին, թե որտեղից իր պլանը կատարի»,- ասաց Վահրամ Միրաքյանը։
-Հիմա ՊԵԿ-ը սկսել է այդպիսի քաղաքականությո՞ւն վարել, այսինքն՝ ամեն գնով իր առջև դրված պլան կատարել։
-Տեսեք, երբ տնտեսությունն աճում է, ՊԵԿ նախագահին, ՊԵԿ աշխատակիցներին բոլորը շատ սիրում են, որովհետև տնտեսությունն աճում է, բիզնեսը վճարունակ է, բիզնեսը կարողանում է հարկերը տալ, հարկային մուտքերն աճում են, արդյունքում բոլորը երջանիկ են։ Բայց երբ որ տնտեսությունը սկսում է դանդաղ աճել կամ չաճել, ու ՊԵԿ-ը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել, այստեղ դժվարություններ են ի հայտ գալիս։ Հիմա վերջին վեց ամիսը մեր տնտեսության աճը գնալով դանդաղում է․․․
-Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Էկոնոմիկայի նախարարության կամ ֆինանսների նախարարության արած և չարած քայլերով։ Ու քանի որ բյուջետային ծախսերը չեն կարողանում ըստ նախատեսածի իրականացնել, ու ՊԵԿ-ի տեսուչների վրա էլ պլան կա դրած, իրենք ըստ դրա՝ սկսում են անօրինականություններ անել։ Հիմա էդ անօրինականությունների ակտիվ շրջան է՝ համատարած կալանավորում են բիզնեսմեններին, ԱԱՀ-ի դեբետները չեն ուզում վերադարձնել, սկսում են տարբեր պատճառներ բռնել, խախտումներ գտնել բիզնեսի վրա և այլն։ Այսինքն՝ ՊԵԿ-ը բիզնեսի օրինականությունն ապահովող կառույցից վերածվում է ինչ-որ կայսերական հարկահավաք կառույցի։ Գումարած դրան՝ մեր գործող ՊԵԿ նախագահի առանձնահատկությունն այն է, որ ինքը երբեք չի շփվում բիզնեսի հետ, խրոնիկ վախ կա մոտը, թե ինչ՝ չեմ կարող ասել, բայց չի շփվում բիզնեսի հետ։ Հասկանո՞ւմ եք, երբ որ մարդ չի շփվում բիզնեսի հետ, տնտեսության մասին ինֆորմացիա ստանում է միայն ՊԵԿ խողովակներով, դա արդեն սուբյեկտիվ է։
-Իսկ փորձե՞լ եք շփվել ՊԵԿ նախագահի հետ, դիմե՞լ եք, որ հանդիպում կազմակերպի։
-Բնականաբար, դիմել ենք, հանդիպել ենք, հանդիպման ժամանակ խոստացել է, որ էլի պիտի հանդիպենք, հետո էդ հանդիպումը հետաձգել են, հետո չեղարկել են և այլն, և այլն։ Եւ երբ ՊԵԿ նախագահը չի շփվում մեր ոլորտի, հետ, ինքը սուբյեկտիվ որոշումներ է կայացնում, իր որոշումները իր կաբինետում են ձևավորվում՝ իրեն ներկայացված զեկույցների հիման վրա, ինչը շատ վտանգավոր բան է։
-Հիմա, Ձեր խոսքից ստացվում է, որ երբ տնտեսության վիճակը մի քիչ թուլանում է, ՊԵԿ-ն ընկնում է գործարարների հետևից, որ կարողանա բյուջեի մուտքերն ապահովել ու ցույց տալ, թե ինչ լավ են աշխատում։ Այդպե՞ս է։
-Այո, ահաբեկչություն՝ բառիս բուն իմաստով։ Ահաբեկչություն բառը հենց այդպես է բացատրվում՝ բռնություն քաղաքացիական անձանց նկատմամբ սեփական նպատակների համար։ Հիմա, կարելի է ասել, ՊԵԿ-ի գործունեությունը ամբողջությամբ համապատասխանում է ահաբեկչություն բառի բառարանային ձևակերպմանը։
-Իսկ ձեր ակումբի գործարարներին սկսե՞լ են նեղացնել, ինչ-որ ձևով ճնշել։
-Տեսեք, գլոբալ առումով՝ ակումբի որոշ անդամների նկատմամբ էլ կա այդպիսի ճնշում, բայց ես վստահ եմ, որ այստեղ չկա ինչ-որ առանձնահատուկ մոտեցում, էդտեղ ավելի շատ ընդհանուր դաշտին է վերաբերում, ու նաև ընդհանուր դաշտից եկող արձագանքների հիման վրա ենք մենք արձագանքում։ Բայց նաև մեր ակումբի անդամներից կան մարդիկ կալանավորված, ու ակնհայտ անարդար ձևով կալանավորված։
Վահե Մակարյան