Կալանավորվել է «Տարզան»-ը
Քննչական կոմիտեն հաղորդագրություն էտարածել այն մասին, որ Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակությունը, որը Չարենցավանի բնակիչ Ա․Խ-ն է։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական ծավալուն և համակարգված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ Ա․ Խ․-ն ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի այնպիսի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է, կամ հանցագործության կատարումը հովանավորելը, կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը, կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի, կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը, կամ անօրինական օգուտ, կամ այլ առավելություն ստանալը։
Մենք տեղեկացանք, որ վերոնշյալ Ա․Խ-ն Չարենցավանի բնակիչ Արմեն Խալաֆյանն է, որն ավելի շատ հայտնի է «Տարզան» մականունով։ Օրեր առաջ հենց նրա մասին հաղորդագրություն տարածվեց, թե «Տարզանն» իր «շքախմբով» ներխուժել է գազալցակայան, կոտրել տեսախցիկները, հայհոյանքներ հնչեցրել, որից հետո էլ տարածվեց դատարանի դահլիճում արված մի տեսանյութ, որում այդ նույն Տարզանն էր՝ ողնաշարի վնասվածքով։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ «Տարզանը» հենց այս դեպքով է կալանավորվել։ Մենք նաև գրել էինք, որ Արմեն Խալաֆյանը նորատուսցի քրեական հեղինակություններ Արա և Ալիկ Բանդուրյանների մտերիմն ու թիմակիցն է, ու նա նույնպես Բանդուրյանների հետ հայտնվել էր Արցախում՝ շրջափակման մեջ, սակայն ինչ-ինչ կապեր օգտագործելով՝ նրանց հաջողվել է դուրս գալ Արցախից ու հասնել Հայաստան։ Քննչական կոմիտեի տարածած հաղրոդագրության մեջ քրեական հեղինակություններ համարվող Բանդուրյանների մասին որևէ խոսք չկա, սակայն նրանց հաղորդագրությունից պարզվում է, որ «Տարզանը» ևս, փաստորեն, քրեական հեղինակություն է համարվում։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության շարունակությունն ու տեսանյութը՝ ստորև․
2022թ․ հոկտեմբերի 17-ից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ինքնությունները չպարզված թվով 5-6 անձանց ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել նրանցից մեկի՝ վարույթով տուժողի հետ։ Այդ հանդիպումների ժամանակ, խոսակցությունների ընթացքում, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, տուժողի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև վերջիններիս գույքը վերցնելու սպառնալիքների միջոցով, ասել է, որ իրեն դիմած մյուս անձի հետ ունեցած գումարային պարտքերն ինքն է լուծելու և իր հաշվարկներով գումարը կազմում է 314.000 ԱՄՆ դոլար՝ ներառյալ պարտքերն ու եկամուտները, որը պետք է վճարի տուժողը։ Հետագա խոսակցությունների ընթացքում Ա․Խ.-ն տուժողին ներկայացրել է արդեն իսկ ի օգուտ իրեն վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ։ Մասնավորապես՝ նա պահանջել է տուժողին պատկանող գազալցկայաններից ստացված շահույթներից ստանալ եկամուտ և մասնաբաժին: Այդ ամենն ուղեկցվել է նաև տուժողի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:
Վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար, հարուցված քրեական հետապնդման հիման վրա, վարույթն իրականացնող քննիչի կողմից Ա․Խ-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 323-րդ հոդվածի 1-ին մասով:
2023 թվականի հունվարի 12-ին, դատարան ներկայացնելու նպատակով, Ա․Խ.-ն ձերբակալվել է։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։