Ինչ կորոշի վարչապետ կոչեցյալը, ինձ չի հետաքրքրում․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝ որպես վկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ինչպե՞ս է լինում որ այս իշխանության դեմ խոսելը միշտ բռնության կոչ է։ Ի՞նչ սպասել, գուցե ամեն ինչ նաեւ հասնի ազատազրկման․ այս մասին MediaHub-ը զրուցեց Ավետիք Իշխանյանի հետ։
«Առաջադրված մեղադրանքով հարցաքննությունն ու հավանաբար դատաքննությունը ինչպիսի՞ն կլինեն, և ի՞նչ կորոշի վարչապետ կոչեցյալն, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»,- ասաց նա։
Վերջինս նշեց, որ շարունակելու է ամենասուր ձևով քննադատել և մոտենալ իր խոսքով «ազգադավ իշխանությունների հեռացմանը»։
«Ողջ, այսպես կոչված դատաիրավական համակարգը՝ ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն հանձնաժողով, դատախազություն, բարձրագույն դատական խորհուրդ, սահմանադրական դատարան, ինչպես նաև դատավորների գերակշիռ մասը գտնվում են վարչապետ կոչեցյալի գրպանում և հնազանդ կատարում են նրա հանձնարարությունները»,- շեշտեց նա։
Ըստ նրա՝ Հայաստանում արդեն 5 տարուց ավելի է, որ խոսել իրավական նորմերից, հարուցված քրեական գործերի մեջ փնտրել տրամաբանություն՝ ավելորդ զբաղմունք է։
«Այնպես որ, իմ անձի հանդեպ մեղադրանքը միայն ու միայն կապված է իմ դիրքորոշմամբ այսօրվա, այո՛, դավաճանական իշխանության նկատմամբ։ Եվ իմ խոսքի մեջ փնտրել «բռնության կոչ» նույնն է, թե որոշեին մեղադրել, օրինակ՝ հայրենիքի դավաճանության կամ բռնաբարության հոդվածներով»,- եզրափակեց իրավապաշտպանը։
Մարիաննա Արամյան