Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» հասավ Ելփին գյուղ

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» հասավ Ելփին գյուղ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» հասավ Ելփին գյուղ՝ Վայոց Ձոր, որի բնակչության ճնշող մեծամասնությունը վերջին ընտրություններին ձայն է տվել 44-օրյա պատերազմը տանուլ տված, խայտառակ կապիտուլյացիան ստորագրած ՔՊ-ին: Այսօր ՔՊ-ի հռչակած և քարոզվող կեղծ «խաղաղությունը» հասավ Վայոց Ձոր՝ Ադրբեջանն ամեն օր «մեսիջներ» է ուղարկում ՀՀ քաղաքացիներին առ այն, որ քանի դեռ Երևանում իշխանության է Փաշինյանն ու թիմը ՀՀ-ի ոչ մի գյուղ, ոչ մի մարզ հանգիստ չի քնելու:

Դելիմիտացիայի և դեմարկացիայի փոխարեն ադրբեջանական զինուժը կրակում է հայկական գյուղերի վրա՝ այս ֆոնին Փաշինյանը խոսում է Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին: Հայաստանը բաց սահմաններով էլ ավելի խոցելի է լինելու թուրք-ադրբեջանական սադրանքների առջև՝ մարտահրավերները միայն ավելանալու են, սակայն դա ֆինանսական բարեկեցությունն ամեն օր ամրապնդող ՔՊ-ականներին դժվար թե հուզի:

Հայ զինվորներ են զոհվելու սահմաններին, հայկական գյուղեր են կրակի տակ պահվելու և Արցախն է հայաթափվելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիները չեն կայացրել վերջնական որոշում՝ ՔՊ-ին օր առաջ հեռացնելու հետ կապված: ՀՀ քաղաքացիների պասիվության և անտարբերության արդյունքում է ՔՊ-ն շարունակում պաշտոնավարել, իսկ ադրբեջանական զինուժը լկտիանում է հայկական սահմանների ողջ երկայնքով:

Այսպիսի «խաղաղության» պայմաններում հայկական գյուղերը դատարկվելու են՝ բնակչությունը տեղափոխվելու է Երևան, իսկ այնտեղ աշխատանք չգտնելու պայմաններում՝ արտագաղթելու է:

Սա է այն ապագան, որի մասին լռում էին ՔՊ-ականները` ադրբեջանական զինուժի կրակոցներ և Թուրքիայի տնտեսական մոտալուտ էքսպանսիա:

Վահրամ Բագրատյան