Ես չեմ ուզում հիմա մեկնաբանել դա․ Վարդազարյանը՝ իր բնակարանը խուզարկելու մասին

Մենք գրել էինք, որ այսօր իրավապահ մարմինները խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը և ավտոտնակը։ Մենք նաև տեղեկացել էինք, որ Վարդազարյանին տարել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ MediaHub-ն այդ պահին Վարդազարյանի հետ չկարողացանք կապ հաստատել, թեպետ՝ նրա հեռախոսին զանգ գնում էր։ Քիչ առաջ ինքը մեզ հետ զանգահարեց, և երբ իմացավ՝ ինչ հարցով ենք, նախ զարմացավ՝ որտեղից գիտենք, որ իր բնակարանը խուզարկել են։
«Բայց ո՞վ ա ասել, որ բնակարանս խուզարկել են, էդ որտեղի՞ց իմացաք»,- զարմացավ մեր տեղեկությունից ԲԴԽ նախկին նախագահը։
Ապա ասաց, որ չի մեկնաբանում տեղեկությունը։ «Չեմ մեկնաբանում որևէ կերպ։ Բայց որ պահին որոշեմ ինչ-որ մի ձևով մեկնաբանել, խոսք եմ տալիս, էս համարին զանգ կտամ»,- ասաց Վարդազարյանը՝ չհերքելով, բնականաբար, մեր տեղեկությունը, բայց ավելին չասելով։
Երբ նորից հարցը պնդեցինք, Վարդազարյանն ասաց․ «Պարզ ասած, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել դա»։ Նա միայն ասաց, որ Քննչական կոմիտեում չէ, տանն է։
Վահե Մակարյան