Ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները

Վարչարարության վերջին փոփոխությունները դժգոհությունների ալիք են բարձրացրել ներքին բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների շրջանում, ուստի նախաձեռնվել է քննարկում՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, եւ դրանց լուծման ի՞նչ առաջարկներ կան: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում: Քննարկմանը մասնակցել են պետական համապատասխան կառույցների պատասխանատուներ, ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրները հիմնականում պայմանավորված էին ոլորտում մոտ մեկ ամիս առաջ կատարված վարչարարության փոփոխություններով:
«Կա արձանագրում, որ ծանրաքաշ բեռների փոխադրման ընթացքում ճանապարհածածկը շատ արագ քայքայվում և փչանում է, այդ իսկ պատճառով հսկողությունն ուժեղացվել է ծանրաքաշ բեռների տեղափոխման կանոնների պահպանման նկատմամբ: Սրանով փորձ է արվում պահպանել ճանապարհածածկի վիճակը և նվազագույնի հասցնել այն վնասները, որոնք պատճառվում են ծանր բեռներ տեղափոխելու արդյունքում»,- նշել է պատգամավորը: Նա նաև հայտնել է, որ խնդրահարույց է համարվում նաև բեռների կշռման գործընթացը:
Ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները խոսել են իրենց հուզող խնդիրների մասին, ներկայացրել դրանց լուծման իրենց տարբերակները: Ըստ հնչած որոշ տեսակետների՝ կան հատվածներ, որտեղ ճանապարհածածկը համապատասխան ամրություն չունի, հաշվի առնված չէ նաեւ աշխարհագրական դիրքը, ինչը շատ հաճախ բեռների քաշը ոչ ճիշտ ցույց տալու պատճառ է դառնում: Խնդրահարույց է բեռների կշռման գործընթացը, ինչպես նաեւ տարիների ընթացքում ձեւավորված ավտոպարկը:
«Կարող ենք արձանագրել, որ թե՛ տնտեսվարողները, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչները միակարծիք էին, որ Կառավարության 2019 թ. N 1158 որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Լրացուցիչ ուսումնասիրություններ և վերլուծություններ անելու կարիք կա, և այդ վերլուծությունները պետք է անել համակողմանի, համապարփակ և պետք է մասնակցություն ունենան նաև բոլոր կողմերը»,- ամփոփելով քննարկումը՝ ասել է Արմեն Խաչատրյանը:
Նա հայտնել է, որ հաշվի առնելով հնչած առաջարկներն ու դիտողությունները՝ կնախաձեռնվեն փոփոխություններ և լրացումներ համապատասխան օրենսդրությունում: