Փաշինյանի թվային աճպարարությունը

Փաշինյանի թվային աճպարարությունը

12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են, երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո առաջացած խնդիրներին։

Փաշինյանը մանրամասնել է․ «Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիոեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։

«Որոշակի կամ էական բարելավում» արտահայտությունը վերջին մի քանի օրերին մենք լսում ենք արդեն երրորդ անգամ՝ ԱԱԾ տարածած հաղորդագրության տեքստում, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցի ժամանակ, երեկ էլ՝ Փաշինյանի կատարմամբ:

Փաստորեն, Հայաստանի իշխանությունն՝ ամենաբարձր մակարդակով, խաղում է հասարակության ոչ բավարար իրազեկման կամ ժողովրդի ֆոբիաների վրա:

«Որոշակի կամ էական բարելավում» գոյություն չունի, որովհետև Սյունիքի մեր աղբյուրները պնդում են, որ ադրբեջանական բանակը շարունակում է մնալ Տեղի տարածքում, Հայաստանի սուվերեն տարածքում:

Հասարակության մանիպուլյացիան նպատակ ունի ստեղծել «մտահոգ» կառավարության իմիջ, որպեսզի հետո Փաշինյանը «հերոսաբար» հայտարարի, թե չի կարելի «50-60 հա»-ի համար գնալ նոր էսկալացիայի ու պատերազմի:

Գործող իշխանությունը քաղաքական առումով այնքան «սպառված» է, որ անգամ նոր սցենար մոգոնելու ռեսուրս չունի ու իր գործունեությամբ միայն «մաշեցնում» է Հայաստանը:

Վահրամ Բագրատյան