«Գեղամ Մանուկյանի ականջը կանչի»․ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ «ոչ մեկի քթից արյուն չի եկել»

«Գեղամ Մանուկյանի ականջը կանչի»․ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ «ոչ մեկի քթից արյուն չի եկել»

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հպարտությամբ հայտարարեց, որ ոստիկանները երբեք ավելի կիրթ չեն եղել, քան վերջին տարիներին։ Նախարարը հավաստիացրեց՝ նախկինների «քըխ» բարքերը վերացել են։

Ու դա նախարարն ասում է այն պատգամավորի հարցին ի պատասխան, որի նկատմամբ ոստիկանների բռնության կադրերը հասանելի են բոլորի համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ոստիկանները բռնի ուժ էին կիրառել ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ․ չորս հոգով հայհոյելով ու հարվածելով նրան մոտեցնում էին ոստիկանական մեքենային։ Դրան հաջորդած իրադարձությունները հայտնի են։

Ի զարմանս շատերի՝ բռնության ենթարկված Քոչարյան Լևոնն ինքը ձերբակալվեց, ապա կալանավորվեց... ոստիկաններին ծեծելու համար։

Այս ամենի ֆոնին Վահե Ղազարյանը հայտարարեց նաև, որ 2022-ին գրեթե ամեն օր ցույցեր են եղել, և ոչ մի քաղաքացու քթից արյուն անգամ չի եկել։ Թերևս Գեղամ Մանուկյանի մասին մոռացել էր նախարարը․ պատգամավորը ոստիկանի հարվածից հետո քթի կոտրվածք էր ստացել, որից հետո ստիպված վիրահատության ենթարկվեց։ Եվ երբ Ղազարյանին ԱԺ-ում հիշեցրին այդ դեպքը, նա միանգամից պատասխանը գտավ՝ «դա զուտ պատահականություն էր»։

Եվ իրավամբ, այս իշխանության օրոք արված բոլոր «հանցավոր քայլերը» պատահականության արդյունք են, ցանկացած բռնության կոչ «փոխաբերական իմաստ ունի»․․․

Չէ՞ որ մենք ապրում ենք մի երկրում, որը «ժողովրդավարության բաստիոն է»՝ ի տարբերություն նախկինների օրոք ստեղծված «բռնապետության»։

Նարե Գնունի