Ադրբեջանի ԱԳՆ հոխորտանքները

Ադրբեջանի ԱԳՆ հոխորտանքները

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին, որում նա հերթական անգամ խոսել էր Բաքվի կողմից ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու մասին:

Թշնամի երկրի ԱԳՆ-ն մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ ղեկավարի հասցեին: Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ եթե Ղարաբաղի հայերն իսկապես սննդի կարիք ունենային, ապա չէին փակի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհը և թույլ կտային, որ Կարմիր մահիկի ընկերության բեռները անցնեն:

Ըստ այդմ, Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունը որակել է մանիպուլյացիա և հույս հայտնել, որ Երեւանի կողմից կառուցողական դիրքորոշում կլինի Բաքվի հետ խաղաղության հաստատման բանակցություններում։

Ուշագրավ է հայտարարության այս հատվածը. «Այժմ պայմաններ են ստեղծվում ԼՂ հայերի՝ Լաչինի սահմանային անցակետով շարժվելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Աղդամով ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը։ Այլ կերպ ասած, Ադրբեջանը, որը մեղադրում է Փաշինյանին, նույն հայտարարության մեջ կիրառում է շանտաժի լեզուն՝ բացեք Աղդամը, կբացենք նաև Լաչինը: