«Զատիկ» մանկատանը բռնություններ են տեղի ունենում

Նախորդ ամիս հրապարակվեց տեղեկություն, որ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում սեռական բռնության դեպք է տեղի ունեցել։
«Հոկտեմբերի 6-ին Ավանի հոգեկան առողջության կենտրոն բուժօգնության է դիմել 15- ամյա Ն. Բաբայանը: Բուժանձնակազմի պնդմամբ, երեխայի մոտ նախնական ախտորոշմամբ «սուր հալյուցինատոր համախտանիշ» է արձանագրվել: Երեխան պնդել է, որ իր հանդեպ բռնություն են գործադրել և սեռական բնույթի գործողություն կատարել: Փաստացի երեխան նշել է այն անձանց անունները, ովքեր իրեն ոչ միայն բռնության են ենթարկել, այլ նաև սեռական բնույթի գործողություններ կատարել»։
MediaHub-ին էլ տեղեկություններ հասան, որ սա բռնաբարության միակ դեպքը չէ կենտրոնում։ MediaHub-ի տեղեկություններով՝ օգոստոսին կենտրոնում 15 տարեկան տղան, որը նույն մանկատան սան է, սեռական բռնության է ենթարկել 7 տարեկան աղջկա։
MediaHub-ը ՀՀ ՄԻՊ-ից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս դեպքին ևս նրանք ծանոթ են, ի՞նչ են անում նման դեպքերը կանխելու համար, ի՞նչ գործընթացներ են հաջորդում բռնություններին։ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած բռնության դեպքերի վերաբերյալ ստացած տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով անմիջապես նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ, իրականացվել են բազմակողմանի քննարկումներ, պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին։
«Պաշտպանը բազմիցս ընդգծել է այդպիսի խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի և կոնկրետ միջոցառումների իրականացման խիստ կարևորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից «Զատիկ» կենտրոն չհայտարարված մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների, փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ ապահովմանը, աշխատողների ռեսուրսի պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը»,- փոխացեց Հակոբյանը։
Հարցին՝ արդյո՞ք բռնության դեպքերն արձանագրելուց հետո դայակները, աշխատակիցները ազատվում են աշխատանքից, վերջինս պատասխանեց՝ պաշտպանի աշխատակազմը պարբերաբար մասնակցում է «Զատիկ»-ում արձանագրված խնդիրների լուծման նպատակով պետական իրավասու մարմինների կողմից անցկացվող քննարկումներին ու ներկայացնում են առաջարկությունները։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն: Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ պարտավորությունն է։ Այս համատեքստում պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ»,- ընդգծեց ՄԻՊ ներկայացուցիչը։
Հավելենք, որ, ըստ էության, ՄԻՊ աշխատակազմից չհերքեցին մեր ունեցած տեղեկությունները, որ այս տարվա ընթացքում «Զատիկ»-ում սեռական բռնության ևս մեկ դեպք է եղել:
Լիաննա Թորոսյան