Անհասկանալի պատճառներով փոխվել է քննիչը․ Կոչուբաևը՝ Ստեփանավանի քաղաքապետի գործի մասին

Օրերս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Նաև տարածվել էր նշյալ քաղաքացու նկարը, որտեղ քաղաքացու պարանոցին կտրող-ծակող գործիքից ստացած քերծվածք է երևում։
Ավելի ուշ քաղաքացի Գագիկ Կարապետյանը MediaHub-ին փոխանցեց, որ քաղաքապետ Արմեն Գրիգորյանը Ստեփանավանի նախկին քաղաքապետի կոկորդն էլ է կտրել, այդ մարդը հրաշքով է փրկվել, ինքն էլ դատապարտվել է։
MediaHub-ը զրուցեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ պարզելու՝ ի՞նչ զարգացումներ կան տվյալ գործով, տեսանյութերն արդյո՞ք տրամադրվել են Կոչուբաևին և արդյո՞ք ՔՊ-ական քաղաքապետին կանչել են հարցաքննության։
«Տեսանյութերը մեզ չեն տրամադրվել։ Պատկերն այս պահին այսպիսին է. անհասկանալի պատճառներով երեկ փոխվել է քննիչը, որովհետև նախորդ քննիչը, ով նախաձեռնել էր քրեական վարույթ և իրականացնում էր գործով քննություն՝ տանում էր օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, բայց գործը վերցրել են այդ քննիչից, որովհետև այս գործով պետք չէ իրենց բազմակողմանի ու լիարժեք քննություն, այս գործով անհրաժեշտ է ընդամենը կանխատեսելի քննություն»,- նշեց փաստաբանը։
Կոչուբաևը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով, այս գործով քաղաքապետն անգամ նվազագույնը վկայի դատավարական կարգավիճակում չի հարցաքննվել։ Մտահոգիչն այն է, շարունակեց մեր զրուցակիցը, որ անգամ եթե մի կողմ թողնենք, որ Գագիկ Կարապետյանն իր վստահորդն է, ստացվում է քաղաքացին ներկայացել է ոստիկանություն և ասել, որ տվյալ անձն իր կոկորդը կտրելու փորձ է կատարել և վնասվածքներն առերևույթ առկա են ու ակնհայտ է, որ օբյեկտիվ իրականության մեջ տեղի է ունեցել դեպք՝ ինքնավնասում կամ վնասում:
«Նվազագույնը, որ կարող էր կատարվել, կասկածյալի դատավարական կարգավիճակով քաղաքապետին հարցաքննելն էր, բայց դա էլ չի արվել։ Ինձ մոտ էլ ավելի է խորանում այն մտահոգությունը, որ մամուլում առկա տեղեկությունները ճիշտ են և քաղաքապետն իրապես Սուրեն Պապիկյանի մերձավորն է ու փորձ է կատարվում քողարկել գործի քննությունը։ Հաջորդ խնդիրը՝ շտապ օգնության բրիգադը կազմել է արձանագրություն առ այն, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի կամրջի տարածքից, այլ ոչ՝ քաղաքապետարանից։ Սա արդեն խոսում է այն մասին, որ վարույթի մասով շատ մեծ հակազդեցություն կա, գործով կանխատեսելի քննություն է տարվում։ Գագիկ Կարապետյանն, ըստ էության, ինքն իրեն ապահովագրել է և դիկտոֆոնի միջոցով իր զրույցը քաղաքապետի հետ ձայնագրել է, բայց Գագիկ Կարապետյանը դեռևս չի շտապում տալ այդ ձայնագրությունն իրավապահներին, որպեսզի այդ ապացույցը չոչնչացվի։ Այն պահից, երբ վստահություն ձևավորվի, որ գործով տեղի է ունենում պատշաճ քննություն՝ ապացույցը կփոխանցվի իրավապահներին, բայց քանի դեռ առանց որևէ դատավարական հիմնավորման քննիչ է փոփոխվում, սա նշանակում է, որ նախորդ քննիչը կանխատեսելի քննություն տանելուց հրաժարվել է և գործը փոխանցվել է մեկ այլ քննիչի»,- եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը։
Մարիա Զարգարյան