Խոզերի անկում Կոտայքում. ի՞նչ է հայտնի մեկ ամիս անց

Խոզերի անկում Կոտայքում. ի՞նչ է հայտնի մեկ ամիս անց

Մեկ ամիս  առաջ MediaHub-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոզերը համատարած սատկում են, և պատճառը դեռ հայտնի չէ։  Փետրվարին տուժել էր երկու տնտեսություն՝ 173 խոզ էր սատկել:

Այն ժամանակ անգամ լուրեր տարածվեցին, թե անկումը կապված է աֆրիկյան ժանտախտի հետ, բայց, բարեբախտաբար, այս վարկածը շատ արագ հերքվեց, թեև պաշտոնապես դեռ չի հայտարարվել, թե որն էր պատճառը:

MediaHub-ը այսօր կապ հաստատեց Կամարիսի գյուղապետ Հովհաննես Սարգսյանի հետ, որն էլ փոխանցեց՝ խոզերի հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ, բայց պատկան մարմիները զբաղվում են դրանով.

«Հիմա վարակ գյուղում չկա, բայց այն երկու տնտեսությունից բացի մեկը ևս տուժել է, և պատկան մարմիները օրենքով սահմանված ամեն ինչ արել են»,- ասաց գյուղապետ Սարգսյանը։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք պետությունը փոխատուցելու է տնտեսություններին կրած վնասի դիմաց, մեր զրուցակիցն ասաց, որ դեռ չի եղել փոխհատուցում, բայց խոսակցություն կա, որ ստանալու են։ Վստահեցրեց՝ «այնպես չի, որ դա բարձիթողի վիճակում է, պատկան մարմիները զբաղվում են այդ հարցով»։ 

ՍԱՏՄ-ից ևս MediaHub-ն հայտնեցին, որ փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել: 

Հիշեցնենք, որ փետրվարին, դեռևս չպարզված հանգամանքներում երկու ֆերմեր է տուժել․ Արարատ Դանիելյանը, ում տնտեսությունից սատկել է 137 խոզ, և Վարուժան Ներսիսյանը, որի տնտեսությունից սատկել է 36 խոզ։ Թե որքան խոզ է սատկել երրորդ ֆերմերի մոտ՝ հայտնի չէ:

Վիկա Աբգարյան