Գրիգորը հեռացավ
«Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն՝ իր հրաժարականի տեքստում:
Առիթ ունեցել ենք ասելու, որ Գրիգոր Մինասյանի կողմից անսկզբունքայնության բացառիկ դրսևորում էր այս կաբինետում նախարար աշխատելը, հատկապես, որ նրա հայրն ու հարազատ եղբայրը լուրջ խնդիրներ ունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ու ենթարկվում են քրեական հետապնդման:
Մյուս կողմից, Մինասյանի պաշտոնանկության պատմությունը ոչ թե քաղաքական գործընթացի, այլ խարդավանքի հետևանք է:
Առաջին իսկ օրվանից ենք նշել, որ ՔՊ հայտնի ստորագրահավաքի թիկունքում կանգնած է հենց Փաշինյանը, ով, որպես կանոն, սեփական կադրերից ազատվում է ոչ թե սեփական քաղաքական որոշման, այլ խարդավանքների միջոցով:
Գրիգոր Մինասյանը սկզբում, կարծես, դիմադրում էր, ակնկալում էր «խլացնել» խորհրդարանական «խարդավանքը»՝ մինչև հասկացավ, որ դրա հետևում կանգնած է անձամբ Փաշինյանը:
Նախընտրական արշավը սկսված է. Փաշինյանին դարձյալ պետք են «բոբոներ»՝ Ռոբերտ Քոչարյանի և Միքայել Մինասյանի դեմքով ու այդ համատեքստում Գրիգոր Մինասյանը «զոհաբերվեց»:
Վահրամ Բագրատյան