Երկակի ստանդարտներ

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ։
Օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ քննարկմանը Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով վնասվածք։
Դեպքի օրը նա ձերբակալվել էր, հարուցվել էր քրեական վարույթ։
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդությամբ խնդրել է ԱԺ համաձայնությունը՝ Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու։
Ցանկացած բռնություն դատապարտելի է ու այս դեպքում դժվար է կասկածի տակ դնել գլխավոր դատախազի գործողության իրավաչափությունը:
Այլ խնդիր է, որ երբ իրականացվում է ընտրովի արդարադատություն, ապա դժվար է խոսել օրենքի կամ իրավունքի գերակայության մասին:
Օրինակ, բոլորը հիշում են, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ Սասուն Միքայելյանը հարվածեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին կամ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ու մյուսները, բառի իսկական իմաստով, հաշվեհարդար տեսան «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ:
Իշխանությունը Սասուն Միքայելյանին, Վահագն Ալեքսանյանին, մյուսներին իրավական պատասխանատվության չենթարկեց, ավելին՝ նրանք խրախուսվեցին, որովհետև յուրային էին ու թիրախավորել էին ընդդիմադիր գործիչների:
Մհեր Սահակյանը պատժվում է, որովհետև ընդդիմադիր է ու ձեռք է բարձրացրել ՔՊ պատգամավորի վրա:Երկակի ստանդարտները սպանում են իրավունքի իմպերատիվը ու առաջ են բերում քաղաքական հաշվեհարդարի «մշակույթը», որից արդեն ավտորիտարիզմի հոտ է փչում:
Վահրամ Բագրատյան