Ոչ մի թալանի հետ էլ կապ չունեմ. նախկին պատգամավոր

Ի՞նչ գույք, դատախազությունը ի՞նչ գույք է ուզում բռնագանձել։ Երկրում, երբ սով էր, մութ ու ցուրտ տարիներն էին, ես ռեստորան եմ ունեցել, եղբայրս մարզպետ էլ չէր, 1996 թվականին ես հյուրանոց եմ կառուցել, իսկ եղբայրս մարզպետ է նշանակվել 2009 թվականին, իսկ ես մինչ այդ սեփական լցակայան եմ ունեցել, ես ֆերմաներ եմ ունեցել։ Երկրում հազվադեպ շինարարություն անողներից մեկը ես էի։ Մոսկվայում տարիներ շարունակ բիզնեսով եմ զբաղվել, սա ինչպե՞ս կարելի է կապել ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման հետ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը՝ խոսելով իրեն և եղբորը՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին դատախազություն հրավիրելու մասին։
Հիշեցնենք, մամուլը գրել էր, որ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա եղբայր՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը երկու տարբեր ուսումնասիրությունների շրջանակներում հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն` իրենց գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում բացատրություններ տալու։
Սահակյանը թվեց մի շարք բարեգործություններ, որոնք ինքն է իրականացրել՝ նշելով, որ զարմացած է, որ այսօր դատախազություն է հրավիրվում։
«Ոչ մի ապօրինի ծագման գույքի մասին էլ խոսք գնալ չի կարող։ Մեզ վրա են կենտրոնացել, որովհետև մեզնից բան ենք ներկայացնում։ Մենք հանգիստ ապրող մարդիկ ենք, օրինակ ես հիմա որևէ քաղաքական հայացք չունեմ, ոչ մի ակցիայի չեմ մասնակցում, ոչ մեկին չեմ հայհոյում` ո՛չ նախկիններին եմ հայհոյում, ո՛չ ներկաներին եմ հայհոյում։ Իմ երկու տղաներն էլ դատախազ են, իմ տանը երեք իրավաբան կա։ Ես 2007 թվականին 170 հազար վարկ եմ վերցրել, սերվիզ եմ բացել, հետո դա վաճառել եմ։ Ես բանակին եմ օգնել, զոհվածների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին եմ օգնել»,- մանրամասնեց Սահակյանը։
Նախկին պատգամավորի խոսքով՝ նոր է տեղեկանում, որ դատախազություն են հրավիրվել և որևէ կերպ խուսափել չի ուզում։ «Երկուշաբթի ներկայանալու եմ, այս երկրում ցանկացած դուռ ես պատրաստ եմ բացել ու պատմել այն, ինչ ձեզ պատմեցի, ինձ բոլորն էլ լավ գիտեն, ես էլ իրենց լավ գիտեմ։ Մեր ունեցվածքը որևէ կապ չունի ոչ մի պաշտոնի հետ, տարիներ առաջ, երբ մարդիկ «06»-ն ու «Ջորին» խառնում էին իրար, հիբրիդ էին սարքում, մենք ամերիկյան մեքենաներ էինք վարում։ Մենք շատ հանգիստ ենք, գնալու ենք ու ամեն ինչ ներկայացնելու ենք։ Երկիրը տորթի պես կտրել տարել են, ով ինչ կարողացել է տարել է, իսկ ես ոչ մի հատուկ պաշտոն չեմ ունեցել, երկու տարի պատգամավոր եմ եղել ու 500 հազար աշխատավարձով եմ ապրել, ո՛չ հող եմ օտարել, ո՛չ փաստաթուղթ եմ ստորագրել»,- շարունակեց նա։
Սահակյանի խոսքով՝ իր ընտանիքը շատ բարդ ճանապարհներ է անցել ու հիմա ոչնչից չեն վախենում։ «Հերթական քամին է, կգա-կգնա էլի։ Մենք հարգում ենք մեր երկիրը, բայց մեր երկիրը մեզ անընդհատ բզում է, չի թողնում, որ մարդն իր բնականոն կյանքին անցնի։ Երկու տարի մենք անընդհատ փաստաբան ենք վարձում, էս դատարանից էն դատարան գնում»,- հավելեց Նաիրի Սահակյանը։
Լիաննա Թորոսյան