Զինվորը շատ խեղճ վիճակում է, Վազգենի պես տղայա պետք. Ափինյան

Զինվորը շատ խեղճ վիճակում է, Վազգենի պես տղայա պետք. Ափինյան

Ես վստահ ասում եմ՝ մենք հիմա էլ ունենք ուժեղ բանակ, մեր զինվորներն այն նույն առյուծներն են, ովքեր բոլոր պատերազմների ժամանակ նույն հզորներն են եղել՝ հազարապատիկ զինված թուրք ելուզակների դեմ․

MediaHub-ի հետ զրույցում ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակին։ 

Ասում է՝ ցանկացած հաստատություն իր ղեկավարով է ձեւավավորում իր դեմքը, հայկական բանակին պետք են հզոր նվիրյալներ։ 

«Եթե բուհերում լինեն ընտիր դասախոսներ, կունենանք ընտիր բուհ։ Մեր բանակին անհրաժեշտ են զորավարներ, հայրենասերներ, հզոր անհատականություններ։ Չի կարելի կիսակրթված, ծռմռված, խեղճ ու կրակ կանգնել զինվորի առաջ։ Այդպես բանակը նմանվում է կզած մարդու»,-ասաց նա։ 

Իրեն խորը հուսահատեցնում է այն, երբ լսում է, թե ինչպես են ասում՝ Արցախը կորցրինք, բանակ չունենք.

«Չի կարելի այդպես խոսել»,-նշեց նա։ 

Ափինյանը նկատում է՝ շատ տխուր պատկեր է, երբ խաղաղ պայմաններում կորցնում ենք 15 զինվոր, իսկ իշխանությունը պատասխանատվություն չի կրում։

«Մենք տեսնում ենք այն խեղճ վիճակը, որի մեջ ապրում է հայ զինվորը։ Ի՞նչ է նշանակում՝ այս սառնամանիքին զինվորը քնի հողե հատակին։ Երբ դու զինվորին հագցնում ես, տալիս ես լավ պայմաններ, լավ համազգեստ, նա դրսեւորում է իր քաջ ունակությունները։ Այն, ինչ տեսանք բանակային կյանքում, մեզ համար նորություն չէր։ Քանի՞ տարի է այս բաները տեսնում ենք, հարգանք չկա մեր բանակի հանդեպ, բայց կրկնում եմ՝ սա չի նշանակում, թե բանակ չունենք։ Ցավոք՝ տեսանք գեներալներ, ովքեր իրավունք չունեն համազգեստ հագնել։ Ո՞ւր են Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի ավանդույթները, որտեղ եւ ինչ են սովորեցնում մեր հրամանատարներին։ Խորը հուսահատություն են առաջացնում հենց այն ղեկավարները, ովքեր կանգնած են բանակի դիմաց»,-հավելեց նա։ 

Գրականագետը հիշում է, թե ինչպես Վազգեն Սարգսյանը փորքիկ ջոկատով մի լավ ջարդ տվեց ադրբեջանցիներին.

«Ես հիշում եմ 1990-ական թվականները, երբ մեր հերոս հրամանատարները՝ Վազգեն Սարգսյանը, Մոնթեն, մյուսներն առյուծի պես կանգնած էին բանակի առաջ։ 1989թ․-ին երիտասարդ գրողներին հրավիրել էին Մոսկվա՝ միջազգային երիտասարդկան կոնֆերանսի, մեր թիմի մեջ Վազգենի անունն էլ կար, բայց նա չէր եկել։ Մենք գիտեինք, թե ինչու չի եկել։ Այդ ժամանակահատվածում Վազգենը Երասխում փոքրիկ ջոկատ ստեղծեց ու թուրք ելուզակների ջարդը տվեց»,-պատմեց նա։ 

Արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը հակված է ունենալ կամ պահպանել Վազգենի ստեղծած բանակը, Ափինյանն ասում է՝ ոչ.

«Դա բոլորն են տեսնում։ Պապիկյանի հրաժարականի պահանջը հիմնավոր է։ Մեր բանակին պետք է հաղթանդամ հրամանատար, որն արտաքանապես նման լինի Վազգեն Սարգսյանին։ Վազգենի պես տղայա պետք։ Բայց ես իշխանությունից ոչ մի պահանջ չունեմ, ես նրանց մեջ չեմ։ Ես պահանջ ունեմ Հայաստանի հայրենասիրական ուժերից, որոնց գործունեությունից շատ դժգոհ եմ։ Բազմիցս ասել եմ, որ նրանք սխալ են գործում՝ խեղճացած, թույլ ու ցավալի վիճակ է։ Ընդդիմությունը, ցավոք, մեկուսացված է ժողովրդից, չի շփվում ժողովրդի հետ, կապը կտրել են մտավորականության հետ, փակվել են ու չեն պատկերացնում՝ ինչպես գործել»,-ասաց նա՝ հավելելով՝ դրական արդյունքի հասնելու բազմաթիվ ճանապարհներ կան, քաղաքական պայքարի քաղաքակիթ մեթոդներ, որոնցից ոչ մեկը չի գործարկվել։ 

Հիշեցնենք, այսօր հունվարի 28-ն է, Հայոց ազգային բանակի կազմավորամն 31-ամյակը:

Լիա Սարգսյան