Չենք խառնվել ու չենք խառնվելու ՀՀ ներքին կյանքին․ արցախցի պատգամավոր

Մամուլն այսօր գրեց, որ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Հրամանագրի հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ Արցախի խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թվականի մայիսին։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր։
MediaHub-ը կապ հաստատեց Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկի հետ։ Վերջինս ասաց, որ խորհրդարանի պահպանումը Արցախի հարցը վերջնականապես չփակելու նպատակ ունի։
«Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք որևէ ներգործություն ենք ունենալու ՀՀ ներքին կյանքին։ Հակառակը, մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ չենք խառնվել ու չենք խառնվելու երբեք։ Արցախի պետական ինստիտուտների այսպես ասած գոյությունը միայն մեկ նպատակի է հետևում․ պահպանել Արցախի գոյությունը, տաք պահել վերադարձի թեման, հնարավորությունների սահմաններում որոշակիորեն լուծումներ գտնել մեր քաղաքացիների խախտված իրավունքների վերաբերյալ»,- նշեց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ չնայած ՀՀ իշխանությունների վերաբերմունքին, որը հաճախ համընկնում է Ադրբեջանի տեսակետին, իրենք շարունակելու են գործել։
MediaHub-ի հարցին, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով են աշխատում, եթե չունեն համապատասխան լծակներ, պատգամավորն ասաց, որ հաճախ հնարավոր է լինում իշխանության ներկայացուցիչներին փոխանցել իրենց առաջարկները։
«Նախկինում միջխորհրդարանական հանձնաժողով կար Արցախի ու Հայաստանի խորհրդարանների միջև։ Գործնական շփումներից բացի, նաև ընկերական ջերմ հարաբերություններ կար պատգամավորների միջև։ Հայաստան տեղափոխվելուց հետո ոչ ոք մեզ չի զանգահարել, եթե ոչ գործնական, ապա գոնե մեր որպիսության մասին հարցնելու։ Սա ևս պետական հրահանգ է, կարծում եմ, որն առնվազն տղամարդկային չէ: Դրա համար մեծ դժվարությունների ենք հանդիպում անգամ փոքր հարցերի դեպքում, որոնք լուծում են ստանում միայն մեր ծանոթների միջոցով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան