Ժողովուրդը վերածվում է թալանի օբյեկտի

Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի վերանայման մասին նախագիծը՝ 32 կողմ, 2 դեմ ձայներով։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
Նախագիծը չէր ընդունվի, եթե «Հանրային ձայնի» երկու անդամներն էլ ընդդիմադիր մյուս խմբակցությունների օրինակով լքեին դահլիճը։
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
Նախատեսվում է 30 օրվա համար 8 հազար 800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ:
Իհարկե, այս նախագիծը, նախորդի հետ համեմատած, նույնիսկ կարելի է առաջընթաց համարել, բայց դրանով հանդերձ՝ խնդիրները մնում են:
Առաջին հերթին, դա պայմանավորված է հասարակության սոցիալական վիճակով: Մարդկանց համար դժվար է լինելու ադապտացվել տրանսպորտի թանկացմանը, մանավանդ, երբ հասարակության մեծ մասի եկամուտները պարզապես չեն աճել: Սա անխուսափելի առաջացնելու է սոցիալական լարվածություն՝ դրանից բխող հետևանքներով:
Մյուս կողմից, քաղաքապետարանի պատասխանատուներն այդպես էլ չկարողացան հիմնավորել, որ սակագնի թանկացումը բերելու է տրանսպորտի սպասարկման որակի բարելավմանը:
Ստացվում է՝ ժողովուրդը վերածվում է թալանի օբյեկտի:
Վահրամ Բագրատյան