Եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը. Սերժ Սարգսյանի բացահայտումը

Եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը. Սերժ Սարգսյանի բացահայտումը

Սերժ Սարգսյանն, օրեր առաջ, իր գրքի շնորհանդեսի ժամանակ, տառացիորեն հայտարարել է, որ չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու այդ ուրիշների կամակատարը չլինել՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

2018թ-ի իրադարձություններից հետո Հայաստանի երրորդ նախագահը երբեք այսքան ուղիղ տեքստով չի խոսել, այսպես կոչված, հեղափոխության «ծագման» մասին:

Հեղափոխության օտար հետագծի մասին շատերն են խոսել՝ մահաբեր պատերազմից առաջ և հետո, սակայն այլ բան է, այսպես կոչված, փորձագիտական կարծիքը (եթե նույնիսկ այն հիմնավոր է), մեկ այլ բան է, երբ արտաքին միջամտության մասին խոսում է մի մարդ, ով, թերևս, միակն է, ով ամենայն մանրմասնությամբ տիրապետում է հինգ տարվա վաղեմության իրադարձությունների բոլոր «անտեսանելի» կողմերին:

Հուսանք՝ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդամենը փակագծեր բացեց ու առաջիկայում ավելի հանգամանալից կխոսի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի, ավելի ստույգ՝ նրանց արտաքին հովանավորների իրական մոտիվների մասին:

Հավատացեք՝ դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև 2018-ի, այսպես կոչված, հեղափոխությունը երկրին ոչ թե սեր ու զարգացում բերեց՝ ինչպես խոստացվում էր, այլ միանգամայն այլ իրականություն, որը կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը:

Փաշինյանն՝ իշխանության գալուց հետո, քարոզչական հնարավոր տեխնոլոգիաների օգնությամբ «հաջողությամբ» պառակտեց մեր հասարակությանը՝ դուռ բացելով թշնամու, մահաբեր պատերազմի համար:

Այս գլոբալ հետևությունը կարող ենք անել ինքնուրույն, բայց «հեղափոխական բովանդակության» բոլոր էջերը պետք է լրացվեն՝ դրա իրական մոտիվները մինչև վերջ հասկանալու համար:

Վահրամ Բագրատյան