Ռուսաստանն ու Ադրբեջանը Լաչինը փակել են, որ Հայաստանում իշխանափոխություն լինի․ ՔՊ-ական պատգամավոր

Ռուսաստանն ու Ադրբեջանը Լաչինը փակել են, որ Հայաստանում իշխանափոխություն լինի․ ՔՊ-ական պատգամավոր

Ընդդիմությունն ասում է՝ Սերգեյ Լավրովը երեկ, երբ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարեց, որ «Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում», ըստ էության, վերջ դրեց Հայաստանի իշխանությունների՝ «նախկիններն են հանձնել հողերը մանիպուլացիոն ու պոպուլիստական թեզին»:

Նախկինների՝ հողերը չհանձնելու թեմային իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադառնալ չի ուզում։

«Անիմաստ բառախաղերի ժամանակը չէ, ավելի լուրջ թեմա կա խոսելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը և սկսեց սահուն «կառչել» «օկուպացնել» բառից։ 

-Ավելի լուրջը ո՞րն է, երբ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ նախկինները չէին տալիս 7 շրջանները։

-Լավրովը ոչ մի նոր բան չի ասում, բայց դիվանագիտության տեսանկյունից կոպիտ վրիպում է անում։ Երբեւիցե որեւէ միջազգային ատյանում այդ տարածքները օկուպացված չեն համարվել։ Վախենամ, որ Լավրովը շատ սադրիչ հայտարարություն է անում։ Այլ բան է, երբ խոսքը տարածքները վերահսկելու մասին է, այլ բան՝ օկուպացնելու։ Լավրովը, ըստ էության, հող է ստեղծում Ադրբեջանի համար, որպեսզի Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնի։ Մենք փոխանակ այդ հարթությունը քննարկենք, նորից ընկնում ենք նախկին, ներկա բառախաղի մեջ։ Այդ թեմաները վաղուց անցել ա։ Լավրովի հայտարարության սադրանքը կայանում է նաեւ նրանում, որ իբր հմտորեն շրջանցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ իրականացրած սեպտեմբերյան ագրեսիան։ 

-Ընդդիմադիրներն ասում են՝ դուք՝ իշխանություններդ եք մեղավոր Ռուսաստանի նման կոշտ հայտարարությունների համար, փչացրել եք հայ-ռուսական հարաբերությունները, օրինակ բերելով նաեւ այն, որ հրաժարվեցիք ՀԱՊԿ զորավարժություններից, մինչդեռ գրկաբաց ընդունեցիք ԵՄ դիտորդական առաքելությանը։ 

-Մի րոպե, այդ ոճից ե՞րբ եք դուրս գալու, մի թեման չավարտած՝ մյուսին եք անցնում։ Ասում եմ՝ Լավրովի հայտարարությունները պարունակում են մի շարք, շատ հմտորեն ձեւակերպված սադրիչ հայտարարություններ։ Թեման, եթե փակեցինք, անցնենք հաջորդին։ 

-Այո, այս թեման փակեցինք։ Հաջորդ հարցն արդեն տվեցի՝ Ձեր թիմին են մեղադրում հայ-ռուսական հարաբերությունների սրման համար: 

-Դա ընդդիմության կարծիքն է, ես ի՞նչ կարամ ասեմ։ Մենք ասել ենք, թե ինչու ենք ԵՄ դիտորդներ հրավիրել, մերժել զորավարժությունները։ Նորմալ է, որ ընդդիմությունը մեր կարծիքը չի կիսում։ Եթե ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, չի ընդունում, որ Ադրբեջանը սադրանքներ է իրականացրել, ո՞ր սահմաններն է պաշտպանելու, որ ուզում է այստեղ զորավարժություն անցկացնել: Մենք ասել ենք՝ ճանաչե՛ք Հայաստանի սահմանները, քաղաքական գնահատական տվե՛ք Ադրբեջանի գործողություններին։

-Իսկ Հայաստանի սահմանները որտեղո՞վ են անցնում։ 

-Եթե Դուք չգիտեք, խորհուրդ կտամ՝ ճշտեք։ 

-Օրինակ՝ Գորիս-Կապան միջպետական ճանփան համարվո՞ւմ է Հայաստանի սուվերեն տարածք։

-Նորից անցանք այլ թեմաների՞։ Հարցից հարց չպետք է առաջանա, Ձեր հարցերը նախապատրաստե՞լ եք։ 

-Ուզում եմ կոնկրետացնեք՝ որտեղո՞վ է անցնում Հայաստանի սահմանը, որ պետք է Ռուսաստանը ճանաչի։ 

-Ես խոսում եմ Ադրբեջանի ագրեսիայի մասին։ 

-Այո, ադրբեջանցիները 2021թ․-ի մայիսի 12-ից մտել են Հայաստանի սուվերեն տարածքներ, զավթել՝ Գեղարքունիքի, Սյունիքի, հետո նաեւ Վայոց ձորի ռազմավարական նշանակության դիրքերը։

-Հայաստանի սահմանների մասին իշխանությունները հայտարարել են քառակուսի կիլոմետրերով, թե որքան տարածք է զավթված Ադրբեջանի կողմից։ Դուք կարող եք դիմել համապատասխան հաստատություններ, Ձեզ կհրավիրեն ու քարտեզներով ցույց կտան, թե ինչ նկատի ունեն։ 

-Սեւ լճի 30 տոկոսը համարվո՞ւմ է Հայաստանի տարածք։ 

-Այնտեղ վիճելի հարցեր կան, եթե հիշում եք՝ ասվել է, որ եթե սկսվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի շրջան, այդ հարցերը կքննարկեն։ Սահման է համարվում այն, ինչը եղել է խորհրդային շրջանում։

-Վերադառնալով Լավրովի հարցազրույցին՝ հետաքրքիր է, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է արձագանքի Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարարի՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու առաջարկին։ Հայաստանը պետք է ընդունի՞ այդ առաջարկը։ 

-Իմ կարծիքով՝ ոչ, որովհետեւ այսօր տեղի է ունենում պատերազմական գործողություն, որը կոչվում է՝ Լաչինի միջանցքի շրջափակում։ Ակնհայտ է, որ դա արվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, Ռուսաստանի թողտվությամբ, ընդ որում միջանցքային ատյաններում Ադրբեջանն էլ պնդում է, որ ոչ թե իրենք են փակել միջանցքը, այլ Ռուսաստանը։ Ռուսական կողմը ծպտուն չի հանում, չի հակադարձում, համաձայնվում է, ըստ էության։ Այսպիսով, նրանք փորձում են Հայաստանին ներքաշել առեւտրի մեջ՝ մեզնից ինչ-որ բան կորզելու համար։ 

-Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» են ուզո՞ւմ՝ Բերձորի դիմաց։

-Հավանաբար։ Բայց եթե անգամ մենք վստահ լինենք, որ ինչ-որ մի բան տանք՝ միջանցքը կբացվի, դա չի նշանակում, որ 2 ամիս հետո նորից չի փակվի ու նոր բան չեն ուզի։ Դրա համար մեր դիրքորոշումը հստակ ա՝ ոնց փակել եք, տենց էլ բացեք սիրելի ռազմավարական գործընկեր Ռուսաստան եւ թշնամաբար տրամադրված Ադրբեջան։ Մենք դիմել ենք Հաագայի միջազգային դատարան եւ սպասում ենք վճռի։ Ռուսաստանի դիրքորոշումը, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» չի փոխվել, պարզապես ասում են՝ կարգավիճակի հարցը հիմա չքննարկենք։ 

-Իշխանություններն են ընդունել այդ առաջարկը։ 

-Այո, մենք ասում ենք՝ համաձայն ենք այդ առաջարկին, թողենք ապագային։ Ալիեւն ասում է՝ կտրականապես դեմ եմ, Փաշինյանը Պուտինին խնդրում է՝ պնդել Ռուսաստանի առաջարկը, Պուտինը ձայն չի հանում։ Մեր ընդդիմությունը, չգիտեմ ինչու, սա չի նկատում։ Ռուսաստանին Ղարաբաղի տարածքն է պետք, ոչ թե Ղարաբաղի ժողովուրդը։ 

- 44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինն ասաց, որ հոկտեմբերին Շուշին հայկական վերահոսկողության տակ պահելով պատերազմը դադարեցնելու առաջարկ է արել Փաշինյանին, վերջինս մերժել է։

-Ես այդ թեմաներին հիմա չեմ անդրադառնա, դրանք անիմաստ շահարկումներ են։ Իմ կարծիքով, այսօր Ռուսաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ շահագրգռված են, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, դրա համար է փակվել  Լաչինի ճանապարհը։ Դրա վառ ապացույցն այսօրվա ԱԺ լսումներն են, երբ բոլորը խոսում են իշխանափոխությունից։ 

-Ընդդիմությունն էլ ասում է՝ Ալիեւին ձեռնտու է Փաշինյանը, ինչ ուզում է՝ տալիս եք։ 

-Ասում ա, բայց իրականում լրիվ ուրիշ բան ա անում։ 

Լիա Սարգսյան