Զելենսկին մի հատ «լուծ է ընկնում», ԵՄ-ի առաջին դեմքերի մակարդակով հայտարարություն են ընդունում․ Զոհրաբյան

Զելենսկին մի հատ «լուծ է ընկնում», ԵՄ-ի առաջին դեմքերի մակարդակով հայտարարություն են ընդունում․ Զոհրաբյան

Ադրբեջանի հատուկ ծառայությունները տարածել են արցախցի Ռաշիդ Բեգլարյանի մասին տեսանյութ, որին առևանգվել էին 2023 թվականի օգոստոսի 1-ին:

Համաձայն այդ տեսանյութի՝ Բեգլարյանն, իբր, ընդունել է, թե մասնակցել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն մերկապարանոց մեղադրանքներ է ներկայացնում հայերին: Բաքվում կան շատ ռազմագերիներ` թե՛ Արցախի նախկին նախագահներն ու բարձրաստիճան պաշտոնյաներ, թե՛ 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներ, թե՛ Վագիֆ Խաչատրյանի կամ Ռաշիդ Բեգլարյանի նման մարդիկ։

Ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները, ընդդիմությունը, պատկան այլ մարմիններ Բաքվում ապօրինի պահվող այս բանտարկյալների հարցը լուծելու համար․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Ես չգիտեմ՝ ինչով է զբաղված ընդդիմությունը, հասկացանք, որ իշխանափոխությունը իրենք բարեհաջող տապալել են։ Բայց գոնե կարող են մի կարևոր օրակարգ անընդհատ թարմ պահեն. Բաքվի բանտերում գտնվող ռազմագերիների հարցը, քաղաքացիական անձանց հարցը, գերեվարված Ռաշիդի և Վագիֆի հարցերը: Ունենք նաև բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված, որոնց մասին բոլորը մոռացել են»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ այսօր կարևոր օրակարգը Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներն են, նրանց իրավունքներն ու վերադարձի հարցերը, այդ թվում և Արցախի քաղաքական էլիտայի հարցը։

Զոհրաբյանն ասաց, որ Մինսկի խումբը ստեղծվել և գործել է ԵԱՀԿ մանդատի ներքո, ովքեր ընթրում էին Ազգային պատկերասրահում և իրենցից շատերն անձամբ բանակցել են Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ։ Եվ եթե Ադրբեջանը նրանց հայտարարում է ռազմական հանցագործ, ապա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները, Եվրամիության պատգամավորները, ովքեր ընդունել են Արցախի քաղաքական ղեկավարության լեգիտիմությունը և իրենց հետ բանակցել են, նրանք էլ «ավտոմատ ռազմական հանցագործներ են»։

«Եթե Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը ռազմական հանցագործ են, ուրեմն ավտոմատ ռազմական հանցագործ են ՌԴ-ի նախագահ Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ԱՄՆ նախագահ Բայդենը և մնացածը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ – խմբ.)։ Նրանք ընդունել են Արցախի իշխանության լեգիտիմությունը, ավելին, եկել են բազմաթիվ անգամ Ստեփանակերտ»,- ասաց Զոհրաբյանը։

ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ իշխանափոխությունը ընդդիմության թեթև ձեռքով տապալվեց, քանի որ ընդդիմության գործողությունների արդյունքում Հայաստանն ունի ոչնչին չարձագանքող հասարակություն։ «Հասարակություն, որին ասում են՝ «թուրքի հաջորդ կանգառը լինելու է Երևանը», ինքն ասում է՝ «այո», և  վերջ»։

«Սա ոչ միայն իշխանության մեղավորությունն է, այլ նաև խորհրդարանական ընդդիմության, որը իր իմպոտենտության արդյունքում հասարակությանը սարքեց որևէ ռիսկ չգիտակցող, անվտանգային որևէ իմունիտետ չունեցող զանգված, որի համար ամեն ինչ միևնույն է։ Ի՞նչ Խոջալու, Խոջալուի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ եղել են, այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ կազմակերպված է եղել հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ակնհայտ է մի բան․ Ալիևն ասել է, որ այս աշխարհում օրենքները ոչինչ են, այսօրվա աշխարհում գործում է մի բան՝ ուժը և ինքն ուժով լուծելու է իր խնդիրը»,- շեշտեց Զոհրաբյանը։

Քանի որ Նաիրա Զոհրաբյանը շարունակում է ակտիվ կապ պահել եվրոպացի իր գործընկերների հետ, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են ասում Եվրոպայում այս ամենի վերաբերյալ:

Մեր զրուցակիցը նշեց, որ եվրոպացի գործընկերներն ասում են մեկ բան․ ««Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ, այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, Ադրբեջանի ներքին խնդիրն է», բայց իրենք հորդորում են Ադրբեջանին ազատ արձակել բոլոր գերեվարված անձանց, որոնք, բնականաբար, ռազմագերիներ չեն»։ 

«Եվրոպացիները հրաժարվում են պատժամիջոց կիրառել Բաքվի իշխանությունների դեմ, ասելով, որ «Արցախը Ադրբեջանի տարածք է»։ Զելենսկին մի հատ «լուծ է ընկնում», ԵՄ-ի առաջին դեմքերի մակարդակով հայտարարություն են ընդունում։ Ես կարծում եմ, որ դեռ տևական ծամանակ բանտարկյալները մնալու են Բաքվի բանդում, մինչև Ալիևը չստանա «Խաղաղության պայմանագիրը» և գուցե հետո նոր ազատ կարձակի նրանց: Բայց ես մինչև գարուն չեմ տեսնում «Խաղաղության պայմանագրի» կնքում»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանն օրերս դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Մարիաննա Արամյան