Նիկոլ Փաշինյանն ազգի դավաճան է․ զոհվածի հայր
Մենք համարում ենք, որ Փաշինյանն իր կառավարությունով արժանի չեն Անկախության տոնին Եռաբլուրում լինելու։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Սերոբ Մենքոնյանի հայրը։
Հիշեցնենք, այսօր ՔԿ-ում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի գործով հերթական առերեսումն է: Այս անգամ առերեսմանը մասնակցում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման (կարմիր բերետավորների) պետ, փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանը։
«Մենք մինչև սեպտեմբերի 21-ը բողոք ենք ներկայացրել իր արարքների վերաբերյալ՝ որպես ազգի դավաճանի։ Ինքը համաձայն է, որ ազգի դավաճան է, իսկ ազգի դավաճանը Անկախության օրը իրավունք չունի Եռաբլուրում լինելու․ սա մեր ռեալ պատասխանն է»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ շատ ծնողների համոզում է, կաշառում է, վախեցնում է, բայց իրենք չեն վախենում և իրավական հանգուցալուծում են պահանջում։
«Այսօրվա դրությամբ ինքը հրաժարվում է Արցախից, բայց այդ հողի համար մեր էրեխեքի արյունն է թափվել ու Արցախը մերն է, ոչ թե իրենն ու Ալիևինը»,- շեշտեց Սերոբ Մենքոնյանի հայրը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը Եռաբլուրում կարմիր բերետավորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։
Մանրամասները՝ տեսանյութում: