Ադրբեջանն ապօրինաբար օկուպացրել է Հին Թաղերը, Խծաբերդն ու Փառուխը․ Փաշինյան

Ադրբեջանը քրոնիկ ձևով խախտում է տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա, որպես օրինակ, ներկայացրեց Խծաբերդի ու Հին Թաղերի օկուպացումը, որ տեղի ունեցավ 2020 թվականի դեկտեմբերին, և ասաց՝ «դա արվել է ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության”։

«Ադրբեջանը նմանատիպ օկուպացում արել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի, և խախտելով շփման գիծը՝ մտել Փառուխ»,- նշեց Փաշինյանը։

Նա նկատեց՝ թշնամին ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը, զուգահեռաբար հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, ինչը կոպտորեն խախտում է նոյեմբերի իննի հայտարարությունը, որտեղ չորս անգամ նշվում է Լեռնային Ղարաբաղ անունը։

«Նաև փորձ է արվում կառուցողական երևալ, Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հայերն իրենց քաղաքացիներն են ու նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվում է։ Թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն հասկանալ՝ ստուգելով, թե Ադրբեջանն ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի հազարավոր հայերի վերադարձի համար։ Այդ մարդիկ տեղահանվել են 44-օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվել»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։