«Իր եղբայրական Ադրբեջանին ջարդ տալու համար են մեզ մեղադրում․ ՔՊ-ում անբարոյականի տղա լինելու մրցավազք է»

«Իր եղբայրական Ադրբեջանին ջարդ տալու համար են մեզ մեղադրում․  ՔՊ-ում անբարոյականի տղա լինելու մրցավազք է»

«Ես երբեք քաղաքականության մեջ չեմ մտել ու ոչ մի անգամ չեմ խառնվել մեր պետական այրերի գործերին։ Բայց Սիմոնյանի այսօրվա ելույթը ոչ միայն զզվելի էր լսել, այլ էդ պահին եթե տեսնեի՝ իր պես իր ճակատին կթքեի»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի ՊԲ սպա Վալերի Ղահրամանյանը։ 

Առաջին ազատամարտում հորը կորցրած զինվորականը ՊԲ շարքերը համալրել է 2000-ականներին։ Շնորհիվ ծառայությանն իր նվիրվածությանը նրան սպայի կոչում է շնորհվել 2015-ին։ 

«Անցել եմ 3 պատերազմներով։ Ռազմական գործողություններին մասնակցել եմ իմ զինակից ընկերների հետ, մեծ մասը Հայաստանից էին։ Նրանք ծառայելով Արցախում՝ պաշտպանում էին Հայաստանը։ Այս գիտակցումն էր մեր մեջ մինչև սրանց իշխանության գալը։ Հետո սկսվեց պառակտումը»,-ի պատասխան MediaHub-ի հարցի, թե ինչպե՞ս է գնահատում Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունն ասում է ՊԲ սպան։ 

Նրա հավաստմամբ՝ պառակտման կնքահայրը Նիկոլ Փաշինյանն է, նույն մարդն է նաև «արցախցիները չեն կռվել, փախել են» թեզի հեղինակը։

«Հիմա, երբ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքում են ու ամեն օր դուք քայլ-քայլ զիջում եք, ինչո՞ւ չեք կռվում, երբ Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», ինչո՞ւ չեք կռվում, երբ Թուրքիայի պետական հեռուստաալիքով Հայաստանի քարտեզը ներառված է այդ երկրի տարածքում՝ ինչո՞ւ չեք կռվում։ Ամոթը սահման ունի։ Անբարոյականի տղա լինելու մրցավազք է ՔՊ-ում, բոլորն ուզում են իրենք լինեն առաջինը»,-իր մտահոգությունն է հայտնում Ղահրամանյանը, ապա նշում, որ իննամսյա պաշարումից հետո՝ Արցախի բանակը կռվել է միլիոնանոց բանակի դեմ, էլի կշարունակեր կռիվը, եթե իմանար, որ Հայաստանից օգնություն է գալու։

«Զարմանում եմ, թե ինչպե՞ս են գեներացնում սուտը, փորձում մեղադրել բոլորին։ Գոնե չեն ամաչում այն սգավոր մայրերից, որ որդիներ են կորցրել, այն երեխաներից, որ հայր են կորցրել․․․Նիկոլն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, երբ մենք շրջափակման մեջ գոյության կռիվ էինք տալիս։ Ես վստահ եմ, որ մեզ մեղադրում են ոչ թե չկռվելու, այլ հե՛նց կռվելու ու Սիմոնյանի եղբայրական Ադրբեջանին լավ ջարդ տալու համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Եվ վերջինը. Ալեն Սիմոնյանին, ապա նաև իր նման ՔՊ-ականներին հիշեցնենք, որ իրենց սիրելի Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ի տվյալներով՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է 192 զինվորական և 1 քաղաքացիական անձ:

Զոհվածներից 180-ը թշնամի,  Արցախն օկուպացրած երկրի ՊՆ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։ Նրանց դեմ, հիշեցնենք, կռիվ են տվել ինը ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիները...

Հունան Թադևոսյան