Ինչո՞ւ հնարավոր դարձավ Նոյեմբերի 9-ը 

Ինչո՞ւ հնարավոր դարձավ Նոյեմբերի 9-ը 

Այսօր մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկի երրորդ տարելիցն է:

Երեք տարի առաջ այս օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որն, ըստ էության, արձանագրեց հայկական կողմի պարտությունը 44-օրյա պատերազմում:
Այս հայտարարության բացասական հետևանքներն ակնառու են: 

Նախ, Արցախն ունեցավ տարածքային ահռելի կորուստներ, սակայն, որ ավելի կարևոր է՝ վերջնականապես կորցրեց սուբյեկտությունը՝ որպես հակամարտության կողմ: Եթե 1994-ի հրադադարի երեք կողմերից մեկը պաշտոնական Ստեփանակերտն էր, ապա այս պարագայում Արցախն ակնհայտորեն հակամարտության օբյեկտ էր:

Եռակողմ հայտարարությունը էական հարված էր նաև Հայաստանի ինքնիշխանությանը, սուբյեկտությանն ու տարածքային ամբողջականությանը, որի գինը մենք վճարում ենք մինչև այսօր:

Ավելին, Սյունիքը, այս եռակողմ հայտարարության հետևանքով, դարձավ հայ-ադրբեջանական հակամարտության հարց ու կարելի է պնդել, որ դրանով լեգիտիմացվեցին խոսակցություններն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

Գլխավոր հարցը, որը հիմա հուզում է շատերին, այն է՝ արդյո՞ք Հայաստանը կարող էր խուսափել 44-օրյա պատերազմից ու Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ազգային այս ողբերգությունից:

Պատասխանը միանշանակ է՝ այո: Բայց դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվարեր արկածախնդիր քաղաքականություն, 2019-ին ընդուներ կարգավորման, այսպես կոչված, Լավրովի պլանը, որը համանախագահների կոնսոլիդացված առաջարկությունն էր:

Բայց Փաշինյանը գնաց արկածախնդրության ճանապարհով, մերժեց ոչ միայն կարգավորման արժանապատիվ պլանը, այլ նաև միջնորդական միջազգային ջանքերը, ինչը դուռ բացեց պատերազմի և, ըստ էության՝ կապիտուլյացիայի առաջ:

Վահրամ Բագրատյան