ՔՊ-ում Հայկ Սարգսյանի՝ 15 մլն դրամի դիմաց բանակից ազատվելու նախագիծը դեռ չեն քննարկել

Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը խմբակցությունում դեռ չենք քննարկել, որ դեմ կամ կողմ լինենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ խոսելով թիմակից Հայկ Սարգսյանի այն նախագծի մասին, որով առաջարկվում է վճարել 15 մլն դրամ և ազատվել բանակից։
Նշենք, որ մամուլը գրել էր՝ ՔՊ-ում նույնպես դժգոհ են այս նախագծից։
«Առջևում բովանդակային քննարկումներն են, որից հետո էլ պարզ կլինի բոլորի դիրքորոշումը։ Մինչ այս պահը դեռ բովանդակային և բազմակողմանի քննարկումներ, վերլուծություններ չեն եղել»,-ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը շեշտեց նաև, որ թեման շատ նուրբ ու կարևոր է, սակայն իշխանական պատգամավորները դեռ այն ամբողջությամբ չեն ուսումնասիրել, որպեսզի հստակ դիրքորոշում հայտնեն։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Սա լինելու է 15 մլն դրամի դիմաց։
Սարգսյանն այս մասին նաև իր ֆեյսբուքյան էջում էր գրել, որից հետո նախագիծը աղմուկի, քննադատությունների առիթ դարձավ։
Լիաննա Թորոսյան