Ինչո՞ւ են աղմկում միջազգային ԶԼՄ-ները. միջադեպ Երևանում

Որպես կանոն, մարզական իրադարձություններին ավելի քիչ ենք անդրադառնում: Այս անդրադարձի առիթը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան- Ուելս հանդիպումն է:
Անդրադարձի պատճառը դարձյալ մարզական չէ, մանավանդ, նախօրեին վերջնականապես պարզ դարձավ, որ մեր հավաքականն այլևս չունի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու անգամ տեսական հնարավորություններ:
Տեղի է ունեցել միջադեպ, որն անուղղակիորեն է կապված ֆուտբոլային հանդիպման հետ, սակայն գտնվում է միջազգային մամուլի համակ ուշադրության կենտրոնում:
16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, պաշտոնապես հաղորդում են Ոստիկանությունից։
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ ևս «16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել»։
BBC-ն, վկայակոչելով Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW), հաղորդում է, որ Հայաստանում Ուելսի 32 երկրպագու է ձերբակալվել՝ նշելով, որ շաբաթ օրը Հայաստան-Ուելս խաղին ընդառաջ Երևան մոտ 1200 երկրպագու է ժամանել։
Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
BBC-ի նյութը կառուցված է ակնհայտ բացասական շեշտադրումներով, մանավանդ, արձանագրվում է, թե «միջադեպին նախորդել է ուրբաթ օրը մի կին երկրպագուի բողոքը: Նա պնդում է, որ տաքսու վարորդը, իբր, հետևում նստել է նրա հետ և վճարման փոխարեն խնդրել «սեքսուալ ծառայություններ»»:
Եթե իսկապես մեր հյուրերը հասարակական կարգ են խախտել կամ խուլիգանություն են կատարել, ապա այս պարագայում նրանց կարգավիճակը չի ենթադրում ինդուլգենցիա: Մյուս կողմից, Հայաստանում բարձր մակարդակով խրախուսվում է «մենթական բեսպրեդել». եթե դա խրախուսվում է ընդդիմության դեմ, դրա թիրախ լինելուց չեն կարող երաշխավորված լինել նաև օտարերկրացիները:
Մի խոսքով, մենք ամենևին էլ ուելսցիների փաստաբանը չենք, բայց ցավոք՝ համոզում չունենք, որ մեր ոստիկաններն իրենց ծառայությունը հավուր պատշաճի են իրականացրել:
Հիմա շատ կարևոր է, որպեսզի ոստիկանությունը, քննչական մարմինները հանդես գան համոզիչ ու օբյեկտիվ հիմնավորումներով: Շատ կարևոր է երկրի միջազգային վարկի ու հեղինակության համար:
Վահրամ Բագրատյան