Ո՞րն է ելքը

Մարտի 5-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Լակոնիկ պաշտոնական տեղեկատվությունը շատ ժլատ տեղեկատվություն է տալիս զրույցի մասին, եթե չասենք՝ քողարկում է այն իրական լարվածությունը, որն այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում:
Հայ- ռուսական հարաբերությունների վատթարացումը հասել է անշրջելիության կետի:
Արցախի անկումից հետո Հայաստանի հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունները հասել են պիկին: Այդ տրամադրությունները շահագործելով՝ իշխանությունն ընտրել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու կուրսը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սառեցված է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, Ալեն Սիմոնյանը խոսել է ԵՄ անդամության թեկնածու դառնալու Հայաստանի մտադրության, իշխանության մյուս ներկայացուցիչները՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին:
Դրանով հանդերձ՝ մեծացել է Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից:
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է։ 2023թ. աճը կազմել է 43,3%։
Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունը ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց օգտվել այն բոնուսից, որը նրան տալիս է ԵԱՏՄ-ն:
Մոսկվային, բնականաբար, նման լուծումը չի բավարարում. նրանք պահանջում են Հայաստանի իշխանության հստակ դիրքավորում՝ կա՛մ Ռուսաստանի հետ, կա՛մ նրա դեմ:
Ստեղծված իրավիճակում դժվար է ելքեր գտնել, որը նոր բովանդակություն կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին: Այս փակուղային իրավիճակը նոր մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար:
Վահրամ Բագրատյան